Պետական գնումների ոլորտը շարունակում է մնալ ամենառիսկայինը՝ կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից, և այդ իսկ պատճառով շարունակում ենք ներկայացնել նախորդ տարի ՀՀ գերատեսչությունների կնքած պայմանագրերը տարատեսակ ՍՊԸ-ների և անհատ ձեռներեցների հետ:
Եվ այսպես՝ բնապահպանության նախարարությունը 2019 թվականին տեղեկատվական վահանակների ձեռքբերման նպատակով «ԴԵՎ ՍՊԸ»-ին է փոխանցել 42 հազար դրամ: ՍՊԸ-ի սեփականատեր է հանդիսանում Ռոբերտ Նավասարդյանը:
245 հազար դրամ նախարարությունը փոխանցել է «ՏԵՎՆ ՍՊԸ»-ին, նպատակը՝ հեռախոսային սարքերի ձեռքբերումն էր:
Համացանցային էջերի հոսթինգի ծառայությունների գնման նպատակով «ԷյԲիՍիԴոմեն» ընկերությանը վճարվել է 44 հազար դրամ:
Տարիներ առաջ ՏՄՊՊՀ-ն պարզել էր, որ այս ըկերությունը տնօրինում է շուկայի ավելի քան 70%-ը: Պարզվել է նաև, որ այդ ընկերությունը փոխկապակցված է «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի հետ: Փաստացի, կենտրոնը ստեղծել է այդ ընկերությունը՝ երկրորդային, կամ այլ կերպ ասած՝ միջնորդների շուկան վերահսկելու նպատակով:
«ՍՏԱԳ-18» ՍՊԸ-ից գնվել է 494.500 դրամի պայմանագիր, նպատակը տնտեսական ապրանքների ձեռքբերումն էր:
Առողջապահության նախարարությունը կես միլիոն դրամի հիվանդանոցային ծառայություններ է գնել «Մաստեր Ֆարմ» ՍՊԸ-ից: ՍՊԸ-ի սեփականատերը, ըստ պետական ռեգիստրի, Վիկտորիա Պողոսյանն է, իսկ մամուլում էլ կան ուշագրավ տեղեկություններ կապված ՍՊԸ տնօրենի՝ Հայրիկ Սարգսյանի հետ, ով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ազգականն է:
30 միլիոն դրամի ուրոլոգիական ծառայությունների պայմանագիր էլ կնքվել է «Իրա Մեդիքլ Գրուպ» ՍՊԸ-ի հետ: Այս ընկերության շուրջ վերջերս մեծ աղմուկ էր բարձրացել: «Իրա Մեդիքլ Գրուպ» ընկերության բաժնետոմսերի 50%-ն անցել էին Հայկ Տանանյանին՝ ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Տանանյանի եղբորը։ Սակայն, հետագայում դրանք վերադարձվել էին Իրանական «Վարիան Մեդիքալ Սիսթեմ Ամերիկա» ընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Վարան Արմենիա» ՓԲԸ-ին: