Օրերս պետեկամուտների կոմիտեն հրապարակել էր անցած տարվա խոշոր հարկատուների ցանկը։ Խոշորների վճարները 2019թ. ընթացքում շարունակել են ավելանալ։ Սակայն ավելի դանդաղ տեմպով, քան փոքրերինը։ Թե ինչո՞ւ է այդպես, կարող են բերվել տարբեր պատճառաբանություններ։ Բայց փաստն այն է, որ փոքրերն ավելի մեծ բեռ են վերցրել, քան խոշորները։ Իսկ դա ամենևին էլ փոքր բիզնեսի զարգացման օգտին չէ։ Խոշոր հարկատուներն անցած տարի պետական բյուջե են վճարել, ընդհանուր առմամբ, 1 տրիլիոն 61 մլրդ դրամ։ Սա 122 միլիարդով ավելի է նախորդ տարվանից։ Խոշորների վճարած հարկերի աճը կազմել է 12,7 տոկոս։ Այն ավելի ցածր է, քան հարկային եկամուտների ընդհանուր աճը։
Անցած տարի բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են 206 մլրդ դրամով կամ ,գրեթե, 16,4 տոկոսով։ Այլ կերպ ասած, խոշորների դեպքում աճի տեմպը 3,7 կետով պակաս է։ Դա ակնհայտ է նաև խոշորների ցանկում։ Սակայն, մեզ առավելապես հետաքրքրում են այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել նախկին պաշտոնյաների բիզնեսներում՝ հեղափոխության առաջին և երկրորդ տարում, քանի որ անցկացված համեմատականների արդյունքները բավական ուշագրավ են՝ կամ վերջիններիս կյանքը լավացել է, բիզնեսներն էլ ծաղկում են, կամ վերջիններս սկսել են փակել պարտքերը՝ վերադարձնել նախկինում բյուջեից փախցրածը:
Խոշորների ցանկի առաջին տասնյակում տեղ են գտել հեղուկ վառելանյութի շուկայում գործող 2 ընկերություններ՝ «Ֆլեշը» և «ՍիՓիԷս Օիլը»։ Վճարած հարկերով, արտաքուստ, առաջինը «Ֆլեշն» է։ Այն կատարել է շուրջ 16 միլիարդի, «ՍիՓիԷս Օիլը»՝ 14 մլրդ դրամի հարկային պարտավորություն։ Սակայն «ՍիՓիԷս Օիլն» ունի փոխկապակցված ընկերություն՝ ի դեմս «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնի», որն անցած տարի կատարել է ավելի քան 4,9 մլրդ դրամի պարտավորություն։ «Ֆլեշ» ընկերության հարկային մուտքերը, 2017-ի համեմատ, նվազել են 200 մլն դրամով և 2018-ին կազմել 12 մլրդ 250 մլն դրամ /2017-ի վճարումը կազմել է 12,46 մլրդ դրամ/: 2019-ին սակայն «Ֆլեշ» ՍՊԸ ավելացրել է վճարած հարկերի ծավալները և դրանք կազմել են արդեն 15,990,106 մլիդ դրամ:
ՀՀԿ-ական նախկին պատգամավորներից՝ Արկադի Համբարձումյանին պատկանող «Սլավ Գրուպ»-ը 2018 թվականին, ընդանուր առմամբ, վճարել է 2,497,352 մլրդ դրամի հարկ: 2019-ին նրա ընկերության վճարած հարկերի ծավալը կազմել է 3,248,093 մլրդ դրամ: «Դերժավա-Ս»-ը ընկերությունը իր հերթին վճարել է վճարել է 2,512,037 մլրդ դրամի հարկ: Այստեղ, ինչպես տեսնում ենք, տարբերությունը նույնպես զգալի է: