Այսօր հեղափոխական իշխանությունները չափից դուրս շատ են քննադատվում պետական պարտքի բեռի շեշտակի ավելացման համար: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մշտապես բացասաբար է արձագանքել նախորդ իշխանությունների կողմից պարտքով ապրելուն, մինչդեռ այսօր հենց ինքն է ինտենսիվորեն ավելացնում արտաքին պարտքը: Սակայն, խնդիրը, ինչպես ասում են, մեկ օրում չէ, որ ի հայտ է եկել: Արտաքին պարտքի ճնշման հարցը հետապնդել է ՀՀ բոլոր ղեկավարներին: Դիցուք՝ Ռոբերտ Քոչարյանից շուրջ երեք տարի պահանջվեց բյուջետային պարտքերի հարցը լուծելու համար։ Դա հնարավոր եղավ առաջին հերթին բյուջեի եկամուտների ավելացման հաշվին։ Եթե 1997թ. դրանք ընդամենը 126 մլրդ դրամ էին, ապա արդեն հաջորդ տարի հասան 168 միլիարդի։ Այս գումարների գերակշիռ մասն ապահովվեց ներքին տնտեսությունից հավաքվող եկամուտների հաշվին։
 
Աճը մեկ տարվա ընթացքում կազմեց շուրջ 30 մլրդ դրամ կամ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցվեց 30 տոկոսով։ Բյուջետային եկամուտների աճի դինամիկան պահպանվեց նաեւ հաջորդ տարիներին՝ 10 տարվա ընթացքում ավելանալով ավելի քան 5 անգամ։ Փոխվել էր պետական բյուջեի եկամուտների կառուցվածքը։ Դրանց հիմնական աղբյուրը ներքին հարկային մուտքերն էին, որոնք 10 տարվա ընթացքում աճել էին ավելի քան 6 անգամ։ Սա ապահովվել է ինչպես տնտեսական աճի, այնպես էլ ստվերի կրճատման կամ հարկային վարչարարության բարելավման հաշվին։ Քոչարյանը Տեր-Պետրոսյանից ժառանգել էր ՀՆԱ-ի 46-տոկոսանոց պարտք։ 2008-ին, երբ նա թողել էր պաշտոնը, ՀՆԱ-ի ընդամենը 13 տոկոսն էր կազմում Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը։ 2008-ին Հայաստանի պետական պարտքը եղել 1,9 մլրդ դոլար, 2018-ին հասել է 6,9 մլրդ դոլարի: Սարգսյանը պետական պարտքը ավելացրել է 5 մլրդ դոլարով: Միջինը 10 տարվա ընթացքում օրական պետական պարտքը ավելացել է 1,3 մլն դոլարով:
 
Անդրադառնալով ՀՀ արտաքին պարտքի ցուցանիշներին՝ Նիկոլ Փաշինյանը մշտապես ասում է, որ իշխանափոխությունից հետո այն նվազել է։ Բնականաբար, ոչ մի խոսք ՀՀ ընդհանուր պարտքի ցուցանիշի մասին նա չի ասել։  2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար (3,349 տրլն դրամ)՝ դանդաղեցնելով տարեկան աճի տեմպը 14% -ից մինչև 2.2%, ինչը պայմանավորված է արտաքին պարտքի աճի` 14.3%-ից մինչև 0,7%, և ներքին պարտքի աճի `12,6% -ից մինչև 8,6%, զգալի դանդաղմամբ: 2020-ի սկզբի դրությամբ՝ ՀՀ պետական պարտքը, դրամային արտահայտությամբ, կազմել է 3 տրիլիոն 512 միլիարդ դրամ, իսկ նոյեմբերի վերջի դրությամբ՝ 4 տրլն 39 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 527 մլրդ դրամով կամ 15%-ով։ Այսպիսով՝ եթե դոլարային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքը, տարեսկզբի համեմատ, աճել է 8․5%-ով, ապա դրամային արտահայտությամբ ավելացումը կազմում է 15%: Նշենք, որ 2021 թվականի պետական բյուջեի նախագծում կանխատեսվում է, որ 2021-ի վերջում պետական պարտքը կհատի 9 մլրդ դոլարի շեմը։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը ոչ ամբողջական երեք տարիների ընթացքում պետական պարտքը ավելացրել է այնքանով, որքան որ ավելացրել էր Սերժ Սարգսյանը` կառավարման տաս տարիների ընթացքում: