Թեև Հայաստանի իշխանությունները պարբերաբար խոսում են այն մասին, որ պատերազմից հետո անում են ամեն հնարավոր քայլ՝ հանրության սոցիալ-տնտեսական վիճակը մեղմելու, պատերազմից տուժածներին, տեղահանված անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, սակայն իրականությունը փոքր-ինչ այլ է՝ հետպատերազմյան Հայաստանում իշխանությունները շարունակում են մտածել սեփական գրպանի մասին՝ չհրաժարվելով պարգևավճարների պրակտիկայից:
Պատերազմից հետո Երևանի քաղաքապետարանում ավելի քան 70 միլիոն դրամի պարգևավճար է բաժանվել: Ցուցակում տեսնում ենք, որ փոխքաղաքապետները պարգևատրվել են 1 մլն 440 հազար դրամով' բացառությամբ Գայանե Մելքոմ Մելքոմյանի, ում պարգևատրումը 722 հազար է կազմել։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, բոլոր թաղապետերը 840 հազարական դրամով են պարգևատրվել։ 2020 թ-ի ընթացքում Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները և վարչապետի աշխատակազմը մոտ 15 մլն դոլարի պարգևավճարներ են ստացել: Պետեկամուտների կոմիտեն, համավարակի և պատերազմի պայմաններում, 6,8 մլրդ դրամի պարգևավճար է ստացել։ Վարչապետի աշխատակազմը 2020 թ-ին ստացել է 441 մլն դրամի պարգևավճար։ Ֆինանսների նախարարը, որի պահպանության տակ է երկրի ողջ գանձապետարանը, նույնպես զերծ չի մնացել պատերազմի թեժ պահին ինքն իրեն պարգևավճար գրելուց' մոտ 73 մլն դրամ: Պարգևավճար է բաժանվել նաև ԱԺ աշխատակազմին:
Այժմ ընդամենը հիշենք, թե ինչ չափի սոցիալական աջակցություն է ցուցաբերում այդ նույն կառավարությունը՝ պատերազմի հետևանքով անտուն մնացած, ամեն ինչ կորցրած մեր հայրենակիցներին՝ միանվագ 300 հազար դրամ: Սա թերևս ամենն է, ինչ պետք է իմանալ ՀՀ իշխանությունների բարոյական նկարագրի և հայրենասիրության մասին...