Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը քննությունը վարող մարմնին պարտավորեցրել է ստուգել հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի աղմկահարույց գործում շահադիտական շարժառիթի առկայության հավանականությունը:
Ինչպես հայտնում է life.ru-ն, այս մասին պատմել են զոհի փաստաբանները: Ըստ նյութերի՝ սպանված Միխայիլ Խաչատուրյանը մահից կարճ ժամանակ առաջ գտնվել է մոսկովյան կլինիկաներից մեկում, որտեղ ստացիոնար բուժում է անցել: Այդ ընթացքում նրա դուստրերը բավականին խոշոր գումար են ծախսել հոր կրեդիտ քարտից և վախեցել են, որ կպատժվեն դրա համար:
Քույրերն այս հարցը քննարկել են իրենց առանձին նամակագրության մեջ, սակայն հոր սպանության օրը ջնջել են այդ հաղորդագրությունները: Նշվում է, որ իրավապահ մարմիններին հաջողվել է վերականգնել ջնջված հաղորդագրություններն ու ստացված տեղեկության հիման վրա պարզվել է, որ քույրերը նախապես էին ծրագրել ծնողի սպանությունը:
Ըստ այդմ՝ սպանվածի փաստաբանական թիմը կարծում է, որ այս գործում «աֆեկտի մեջ գտնվելու վիճակ» չի եղել: Նրանց համոզմամբ՝ քույրերը սառնասրտորեն նախապատրաստվել են ծնողի սպանությանն ու իրենց գործն ավարտին հասցրել:
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը Քննչական կոմիտեին պարտավորեցրել է Խաչատուրյան քույրերի դեմ մեղադրանքը սպանությունից վերաորակավորել անհրաժեշտ ինքնապաշտպանության: Գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը հրաժարվել է հաստատել մեղադրական եզրակացությունը, քանի որ այն հիմնված չէ հավաքված ապացույցների համապարփակ գնահատականի վրա և չի համապատասխանում կատարվածի փաստացի հանգամանքներին:
Ըստ դատախազության՝ Միխայիլ Խաչատուրյանի կողմից տևական ժամանակ դուստրերի նկատմամբ իրականացված հակաօրինական ոտնձգությունների հետևանքով քույրերի մոտ պաշտպանական ռեակցիա է ձևավորվել, ուստի՝ նրանց գործողությունները պետք է դիտարկել որպես անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակում իրագործված քայլ, ինչը, իր հերթին, ենթադրում է քրեական հետապնդման դադարեցում:
Հիշեցնենք, որ Անգելինա, Քրիստինա և Մարիա Խաչատուրյանները ձերբակալվել են 2018թ. հուլիսին՝ հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեղադրանքով: Այս գործով հետաքննությունն ավարտվել է նախորդ տարվա դեկտեմբերին:
Քննության շրջանակում պարզվել է, որ հայրը տարիներ շարունակ ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնություն է իրագործել դուստրերի նկատմամբ: