ՌԴ Վոլոգդայի մարզում իրար են բախվել մանկատան երեխաներին փոխադրող ավտոբուսը, բեռնատարը և մի մարդատար ավտոմեքենա: Վթարի հետևանքով զոհվել է 6 չափահաս մարդ: 21 երեխա վիրավորվել է: Երեխաներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է:
Նախնական տվյալներով, վթարի մեղավորը բեռնատարի վարորդն է, ով դուրս է եկել ճանապարհի հանդիպակած ուղղություն եւ բախվել ավտոբուսին: Բախումից հետո ավտոբուսը բռնկվել է:
Ողբերգությունը տեղի է ունեցել Վոլոգդա-Նովայա Լադոգա մայրուղու 110-րդ կիլոմետրին, Վոխտա գյուղի մոտ, Չերեպովեց քաղաքից 24 կմ հեռավորության վրա: Ավտոբուսը վերադառնում էր էքսկուրսիայից:
Մարզի իշխանությունների տվյալներով ավտոբուսում եղել են 31 հոգի, որոնցից 25-ը՝ Սանկտ-Պետերբուրգի մանկատան սան: Մանկատանն ասում են, որ ավտոբուսում եղել է 26 երեխա և հաստատում են, որ նրանց հետ եղել է 6 չափահաս:
Դեպքի վայր են մեկնել ՌԴ Արտակարգ իրավիճակների ծառայության փրկարարներ և մեկ ՄԻ-8 ուղղաթիռ: