Քիչ առաջ ԳԱԼԱ հեռուստաընկերության գրասենյակ էր զանգահարել մի քաղաքացի, ով տեղեկացրեց, որ այսօր զորակոչի հերթական օրերից էր Գյումրու զինկոմիսարիատում, և զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը անսարք է եղել, որն էլ Գյումրի-Երևան ճանապարհին վթարվել է:
«Ես զարմանում եմ ծնողների վրա, թե ինչպես թողեցին, որ իրանց երեխաները բարձրանան այդ ավտոբուս, հիմա ավտոբուսը, որը երեխաներին Երևան է տեղափոխել, ասում են վթարի է ենթարկվել»,- ասաց գրասենյակ զանգահարած քաղաքացին:
Տեղեկությունը ԳԱԼԱ-ն փորձեց ճշտել ՊՆ-ից, որտեղից փոխանցեցին, որ իսկապես զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, սակայն ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ կարողացել է շարունակել իր ընթացքը: ՊՆ մամլո խոսնակը ասաց, որ ոչ մի լուրջ բան չի եղել, և բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:
Մեր այն հարցին, թե ավտոբուսը արդյո՞ք անսարք է եղել, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց.
«Վնասվել է արգելակման համակարգը, արգելակման խողովակը պայթել է, մեքենան երթևեկելի մասից դուրս է հայտնվել, բայց առանձնապես լուրջ բան չի եղել, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել»: Դեպքը տեղի է ունեցել Գյումրի-Երևան ավտոճանապարհին: ՊՆ մամլո խոսնակի փոխանցմամբ՝ զորակոչիկները ապահով հասել են Երևան:
Քրիստինա Մկրտչյան