Մոսկվայում 60-ամյա տղամարդը սպանել է սրտաբան կնոջը՝ 47-ամյա Լալա Հովհաննիսյանին ու փորձել ինքնասպան լինել։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանց 19-ամյա որդին մարտի երկուսին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ չի կարողանում բացել բնակարանի դուռը և չի կարողանում զանգահարել իր ծնողներին։
Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են Հովհաննիսյանի դին։ Կնոջ կողքին է գտնվել նաև նրա ամուսինը, որը այդ պահին փորձել է ինքնասպան լինել, սակայն նրան չի հաջողվել․ անմիջապես հոսպիտալացրել են։
Ինչպես հայտնել է նրանց որդին, հայրը այդ քայլին կարող էր գնալ խանդի հողի վրա։ Վերջինիս պատմելով՝ ծնողները ծանոթացել են աշխատանքի վայրում․ հայրը 30 տարի աշխատել է շտապօգնության վարորդ։
«Հայրս տարիքով մեծ էր մորիցս և խանդի տեսարաններ հաճախ էին լինում հորս կողմից, նա անգամ խանդում էր մորս պացիենտներին, սակայն ոչ մի հիմնավորում խանդի համար իսկապես չի եղել»,-հայտնել է երիտասարդը։
Հարևանների փոխանցմամբ՝ ընտանիքը լավն էր․ ոչ խմում էին, ոչ ծխում, սակայն հաճախ էին վիճում, տղամարդը կնոջ վրա հաճախ էր ձայնը բարձրացնում։
Լալա Հովհաննիսյանը 20 տարվա փորձով բժիշկ սրտաբան էր, ավարտել էր ԵՊԲՀ-ն, աշխատել մի քանի պոլիկնիլիկաներում։