Ադրբեջանի Իսմայիլլիի շրջանի Գուրբան Աֆենդի գյուղի 64-ամյա բնակիչ Մուհամեդ Ահմեդ օղլու Ահմեդովը մարտի 24-ին առավոտյան մոտ ժամը 10:00-ին որսորդական հրացանով սպանել է 62-ամյա իր համագյուղացի Ալլահվերդի Սադուլլա օղլու Ռահիմովին եւ սեփական կնոջը' 56-ամյա Բահար Գահրաման գըզը Ահմեդովային:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ANS PRESS լրատվական գործակալությունը: Մուհամեդ Ահմեդովը ձերբակալվել է: Սակայն նա տարվել է հիվանդանոց, որովհետեւ կատարած սպանություններից հետո նրա մոտ առողջական խնդիր է ծագել: Բժիշկները հայտնել են, որ նա սրտի կաթված է տարել եւ գտնվում է խիստ ծանր վիճակում:
Հետաքննությունը պարզել է, որ նա հանցագործությունը կատարել է խանդի հողի վրա: «Օթելլո» Ահմեդովը կասկածել է, որ կինը հանդիպում է իր հարեւանի հետ, քանի որ ավելի վաղ նրանց տեսել է միասին: Թե ինչու նա այն ժամանակ չի պարզել հարցը եւ որոշել է վրեժ լուծել տարիներ անց, անհայտ է մնում:
Մ. Ահմեդովը որսորդական հրացանը ձեռքին մոտեցել է համագյուղացիների հետ գյուղամիջում զրուցող Ա. Ռահիմովին, ուղղել զենքը նրան, եւ ասելով' «Դու վիրավորել ես իմ սիրտը, այժմ իմ հերթն է», կրակել նրա սրտին: Հետո գնացել է տուն եւ, ոչինչ չասելով, սպանել իր կնոջը եւս: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն: