Panorama.am Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր` Մանյա Ղուկասյանի փեսացու Կարեն Եսայանի սպանությունից հետո Կարենի եղբայրը` Արմեն Եսայանը նախաքննական մարմնի կողմից հարցաքննվել է, սակայն նրա անունը չի ներառվել դատակոչված վկաների ցուցակում և նրա նախաքննական ցուցմունքը չի ներկայացվել դատարանում: Մինչդեռ, Արմեն Եսայանի ցուցմունքը կարող էր ազդեցություն ունենալ Հարություն Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի վրա:
Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին` Հարություն Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի` (կանխամտածված, դիտավորյալ սպանություն) հատկանիշներով: Ըստ մեղադրական եզրակացության, Հարություն Սարգսյանը դիտավորյալ սպանել է Կարեն Եսայանին խանդի հողի վրա. նա համակրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դուստր Մանյա Ղուկասյանին և ցանկացել է ամուսնանալ նրա հետ, սակայն այդ նպատակով 2012թ փետրվարին Վարդան Ղուկասյանի մոտ գնացած հորը` Սամվել Սարգսյանին, աղջկա հարազատները մերժել են և աշխատասենյակից դուրս արել: Ըստ մեղադրանքի, 2012թ մարտի վերջերին Հարություն Սարգսյանը տեղեկացել է, որ Մանյա Ղուկասյանը 2012թ ապրիլի 12-ին նշանադրվելու է Կարեն Եսայանի հետ: Խանդի հողի վրա` նրանց նշանադրությունը խափանելու, միաժամանակ աղջկա հորից վրեժխնդիր լինելու նպատակով, Հարություն Սարգսյանը պլանավորել է սպանել Կարեն Եսայանին:
Ապրիլի 17-ին իր նախաքննական ցուցմունքում Կարեն Եսայանի եղբայրը` Արմեն Եսայանը, գրել է, որ դեռ 2007 թվականից բնակվում է ԱՄՆ-ում, սակայն գրանցված է Գյումրի քաղաքում: Նա պատմել է, որ Գյումրիից 2009-ին ԱՄՆ-ում գտնվող իր և հոր մոտ են տեղափոխվել մայրն ու Կարենը: Այստեղ ինքն ու Կարենը զբաղվել են տաքսի մեքենա վարելով: Արմենը պատմել է, որ Կարենը դեռ դպրոցական տարիներից համակրել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստերը` Մանյա Ղուկասյանին: «Երբ 2009 թվականին Կարենը եկավ ԱՄՆ, շարունակում էր սիրել Մանյային, սակայն նշեմ, որ Մանյայի հետ երբևէ չի շփվել, ընկերություն չեն արել, հեռախոսով, ինտերնետով չեն խոսել», -իր ցուցմունքում նշել է Արմեն Եսայանը:
Այնուհետև նա տեղեկացնում է, որ 2010 թվականին Կարենը դարձյալ վերադարձել է Հայաստան ու կարճ ժամանակ այստեղ մնալուց հետո մեկնել ԱՄՆ: Արմենի նշելով, Հայաստանում գտնվելու ժամանակ որևէ մեկի հետ վիճաբանության մեջ չի մտել, քանի որ «բնավորությամբ համեստ տղա էր»: Կարեն Եսայանը դարձյալ Հայաստան վերադարձել է 2011-ի նոյեմբերին, մոր հետ, երբ մորեղբայրն էր մահացել: Հայաստանում Կարենը մնացել է երկու ամիս, և հունվարի 11-ին դարձյալ մեկնել է ԱՄՆ, այս անգամ միայնակ: «Մայրս մնաց Հայաստանում, Գյումրիի մեր բնակարանում էր ապրում: Հենց այդ ժամանակ էլ մայրս իմացավ, որ Կարենը սիրում է Մանյային, կանանց միջոցով տեղեկություն էր ուղարկել Վարդան ղուկասյանի տուն, որ ցանկանում է իրենց աղջկան ուզել Կարենին, սսկայն քաղաքապետի կողմից կտրուկ պատասխան էր եղել, որ իրենք համաձայն չեն», -ցուցմունքում պատմել է Արմեն Եսայանը և ընդգծել, որ այս լուրից հետո է Կարենը որոշել 2012-ի հունվարի 11-ին վերադառնալ ԱՄՆ:
«Ես և Կարենը մի քանի անգամ խոսել ենք այս հարցի շուրջ: Նա ասում էր, որ սիրում է Մանյային, իսկ ես էլ ասում էի, որ այդ մարդիկ մեր շրջապատից չեն, մենք նրանց հետ չենք կարող: Սակայն Կարենը սիրում էր, և ես որոշեցի այլևս չհարցնել նրան այդ մասին», -ցուցմունքում նշել է Արմեն Եսայանը:
Սակայն Ղուկասյաններն այնուամենայնիվ, որոշել են ուրախացնել Կարենին, և ինչպես պատմել է Արմենը, 2012-ի փետրվարի վերջերին կամ մարտ ամսվա սկզբներին, Վարդան Ղուկասյանից տեղեկություն են ստացել, որ իրենք պատրաստ են իրենց աղջկան տալ Կարենին: Լուրն իմանալուց հետո Կարենը 2012-ի մարտի 21-ին վերադարձել է Հայաստան:
«Մարտի 25-ին Վարդան Ղուկասյանը հորս կանչել էր իր մոտ, ասել էր, որ համաձայն են իրենց աղջկան տալ Կարենին ու պայմանավորվել էին, որ ապրիլի 12-ին կատարելու են Մանյայի ու Կարենի նշանդրեքը: Ես իմացա այդ մասին, խոսեցի Կարենի հետ, նա շատ ուրախ էր, ես չնայած որ համաձայն չէի, բայց Կարենին չասացի այդ մասին, մտածում էի, որ նրա սրտով լինի», - ցուցմունքում նշել է Արմեն Եսայանը: Այնուհետև պատմել է, որ մարտի 25-ից հետո իրենց ընտանիքը սկսել է ակտիվորեն պատրաստվել նշանադրության արարողությանը, կատարել համապատասխան գնումներ, սակայն ապրիլի 11-ին լսել են Կարենի կորստի մասին բոթը, ինչն էլ Արմենին ստիպում է վերադառնալ Հայաստան:
Սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանին ճանաչելու վերաբերյալ քննիչի հարցին, Արմեն Եսայանը պատասխանել է, որ Հարությունին ինքը ճանաչում է և նրա հետ ծանոթացել են ԱՄՆ-ում: «Մոտ երկու ամիս առաջ նրա հետ ծանոթացել եմ ԱՄՆ-ում, տեսել եմ Գլենդեյլի խանութներից մեկում: Նա Լիլիթի և նրա տղայի հետ էր: Հարցրել եմ, թե եկել է աշխատելու, նա էլ ասաց, որ եկել է բիզնեսի համար: Այլ շփում չեմ ունեցել, որևէ բան չեմ իմացել: Իսկ Կարենից Հարությունի մասին ոչինչ չեմ լսել», -նշել է Արմեն Եսայանը:
Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը համոզված է, որ Արմեն Եսայանի ցուցմունքը չի ընդգրկվել գործի նյութերի մեջ և չի ներկայացվել դատարան, որովհետև այդ ցուցմունքի պարագայում նախաքննական մարմինը ստիպված էր լինելու պարզաբանել, թե ինչո՞ւ քննություն չի կատարել այդ ցուցմունքի շուրջ: «Այդ ցուցմունքով վտանգվում էր նաև Հարություն Սարգսյանին առաջադրված մեղադրանքը: Ուստի հասկանալի է, որ նրանք չէին ներառելու այդ ցուցմունքը: Այսինքն Արմեն Եսայանին չէին ներառելու դատակոչի ենթակա անձանց ցուցակում», Panorama.am-ի թղթակցի հետզրույցում ասաց փաստաբան Սահակյանը:
Հետաքրքրվեցինք, թե պատրաստվո՞ւմ է արդյոք պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացնել դատարան, որպեսզի, այնուամենայնիվ, Արմեն Եսայանի նախաքննական ցուցմունքը ներկայացվի դատարանում, Լուսինե Սահակյանը չմանրամասնեց մարտավարական քայլերը, բայց հնարավոր համարեց:
Հատկանշական է, որ այս գործի քննության շրջանակներում հարցաքննվել են և Կարեն Եսայանի եղբայրը, և Հարություն Սարգսյանի քույրը, սակայն Մանյա Ղուկասյանի եղբայրը' Սպարտակ Ղուկասյանը հարցաքննության չի ենթարկվել:
Մեր հարցին, թե ինչո՞վ է բացատրում այդ հանգամանքը, Լուսինե Սահակյանը պատասխանեց. «Նրանով, որ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն չի կատարվել: Ակնհայտ է, որ նա պետք է լիներ վկաների ցուցակում, բայց չկա»: