Միացյալ Նահանգների իշխանությունները ներկա պահին չեն պնդում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարության փոփոխությունը՝ հասկանալով, որ ժամանակը չէ նման փոփոխությունների իրականացման համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն՝ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ:
Ըստ պետքարտուղարի՝ ցանկացած կազմակերպություն պետք է աշխատի և արդյունք տա, որի համար այն ստեղծված է, բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը չհաջողվեց դա անել:
«Ներկա պահին մենք վերանայում ենք ԱՀԿ-ին տրամադրվող մեր ֆինանսավորման չափը։ Պետք է ապահովենք, որպեսզի ոչ միայն ԱՀԿ-ն, այլև ցանկացած միջազգային կազմակերպություն, որին մենք գումար ենք հատկացնում մեր հարկատուներից՝ հանուն ամերիկացիների բարօրության, ապահովի արդյունք։ Այս առումով ԱՀԿ-ը մյուսներից ոչնչով չի տարբերվում, այն պետք է իրականացնի այն առաքելությունը, որի համար նախատեսված է»,- հավելել է նա: