Բարեկամության կորեական ասոցիացիայի ղեկավար և Հյուսիսային Կորեայի մշակութային կապերի հարցերով կոմիտեի հատուկ ներկայացուցիչ Ալեխանդրո Կաո դե Բենոսը Bloomberg-ի հետ զրույցում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մահվան մասին լուրերը կեղծ է որակել:
«Մեր մարշալ Կիմ Չեն Ընի առողջական ծանր վիճակի մասին տեղեկատվությունը կեղծ է և չարամիտ»,- հայտարարել է դիվանագետը գործակալությանը: Նա, սակայն, հրաժարվել է որևէ կերպ ապացուցել իր պնդումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները նշել էին, որ 36-ամյա պաշտոնյան ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում սիրտ-անոթային վիրահատությունից հետո: Կիմ Չեն Ընը մոլի ծխող է, իսկ իշխանության գալու օրվանից ի վեր նա անդադար գիրանում է: Նա արդեն 2 շաբաթ է՝ չի երևացել պետական լրատվականների եթերներում, և առաջին անգամ բաց է թողել իր պապի՝ պետության հիմնադիր Կիմ Էր Սինի ծննդյան արարողությունը:
Հոնկոնգի HKSTV արբանյակային հեռարձակման ընկերության փոխնախագահ Ցին Ֆենն էլ Weibo սոցիալական ցանցի իր էջում հաղորդել էր Կիմ Չեն Ընի մահվան մասին: Նրա խոսքով' այդ տեղեկությունը հաստատել է Հյուսիսային Կորեայի «հեղինակավոր» աղբյուրը: