Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Փհենյանը լիովին պատրաստ է ԱՄՆ-ի հետ ցանկացած ռազմական հակամարտության, հայտնում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԿԺԴՀ պետական լրատվամիջոցներին։
«Ես ևս մեկ անգամ հաստատում եմ, որ Հյուսիսային Կորեան լիովին պատրաստ է ԱՄՆ-ի հետ ցանկացած ռազմական առճակատման», - ասել է Կիմ Չեն Ընը 1950-1953 թվականների Կորեական պատերազմում զինադադարի 69-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:
Նա նաև զգուշացրել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլին, որ հարավկորեացի զինվորականները կկործանվեն, եթե նրանք «վտանգավոր փորձ» կատարեն հարվածելու Հյուսիսային Կորեային։
«Եթե Հարավային Կորեայի ռեժիմը և ռազմական հրոսակները մտածում են ռազմական հարձակման մասին և կարծում են, որ կարող են կանխարգելիչ կերպով չեզոքացնել կամ ոչնչացնել մեր ռազմական հզորության մի մասը՝ հիմնվելով որոշակի ռազմական միջոցների կամ մեթոդների վրա, նրանք սխալվում են», - ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը: