Գարեգին Բ Ամենայն Հյաոց կաթողիկոսը պատգամ է հղել ժողովրդին' Հիսուս Քրիստոսի Սբ Հարության տոնի առիթով, որում մասնավարոպես ասվում է.

«Այսօր Քրիստոսի Հարության տոնի բերկրանքի հետ Մեր սրտում նաև ափսոսանքն է, որ մարդկության կյանքում ամենուր և մշտապես չի դրսևորվում մեր Տիրոջ պատգամած սերը մարդու և Աստծո ողջ արարչագործության հանդեպ: Երկու հազարամյակ քարոզվող քրիստոսապատվեր սիրո սերմերը ընկնում են հաճախ Աստծուց հեռացած հոգիների անբերրի ապառաժի վրա, կամ արդյունք չեն տալիս մարդկային անհոգության պատճառով, և կամ չարն է հափշտակում Տիրոջ կողմից սերմանվածը' սփռելով որոմ և մոլորեցնելով մարդկանց առ բարին ընթացքների մեջ: Ներկայիս աշխարհաքաղաքական ու ֆինանսատնտեսական բարդ զարգացումները, զորացող անձնակենտրոն մտածողությունը, հոգևոր-բարոյական արժեքների անտեսումը նոր հակասություններ ու հակամարտություններ, խնդիրներ ու հոգսեր են առաջ բերում հասարակությունների կյանքում և մարդկային հարաբերություններում: Խաղաղ ու ներդաշնակ կյանքը խաթարող այսպիսի իրողություններից վեր հառնելու ուղին է լուսավորում այսօր հնչող ավետիսը Քրիստոսի Հարության' բերելով պատգամը այն կյանքի, որ Աստծո Որդու մեջ է: Իրական է այդ կյանքը, մատչելի և հասանելի ամենքիս: Երբ մարդկային խոհերն ու գործերը ծնունդ են առնում և առաջնորդվում Աստծո հանդեպ հավատքով ու միմյանց հանդեպ սիրով, դա Քրիստոսի մեջ եղող կյանքն է: Երբ խնամքն ու աջակցությունը հասարակության նկարագիրն ու բնական վիճակն են, դա Քրիստոսի մեջ եղող կյանքն է, երբ 30 արծաթով չեն հարթվում հուդայական կեղծիքի ու մատնության ուղիները և պիղատոսյան անտարբերությամբ անարդարություններ չեն իրագործվում, դա այն կյանքն է, որ Քրիստոսի մեջ է, երբ նեղության, թե լիության մեջ աղոթքը և առ Աստված փառաբանությունն են մարդկանց շուրթերին, ու ընտանիքներում հասակ են առնում բարեպաշտ զավակներ' դա այն կյանքն է, որ Քրիստոսի մեջ է, և որին Աստծո բարեխնամ շնորհով կանչված է մարդկությունը:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր մեզ համար շարունակում են մտահոգիչ մնալ հայրենական և ազգային մեր կյանքը հուզող լուրջ մարտահրավերները' Ղարաբաղի հիմնահարցը, մեր երկրի շրջափակումը, սոցիալ-տնտեսական խնդիրները, արտագաղթը, կեղծ արժեքների ու բարքերի ներթափանցումը: Անհանգստացնող են նաև վհատության, վատախոսելու տրամադրությունները, փոխադարձ վստահության պակասը, միմյանց ունկնդիր լինելու անպատրաստակամությունը և անհաշտ պարտադրանքը սեփական ճշմարտության: Վանենք մեզանից այսպիսի դրսևորումները:

Մեր ճշմարտությունը նեղության, դժվարությունների դիմակայող մեր ժողովուրդն է, պատերազմի սպառնալիքի ներքո հայրենի սահմանները պաշտպանող Հայոց բանակը, աշխարհասփյուռ մեր համայնքներն են' հանապազ մարտնչող ազգային և հոգևոր ինքնության համար, այսօր վտանգված, հյուծվող սիրիահայ համայնքն է' կարոտ սատարումի ու աջակցության: Այս իրողություններն են մեր առջև, սիրելի բարեպաշտ ժողովուրդ: Մեր Հայրենիքի հզորացման, մեր ծաղկուն կյանքի կառուցման, ազգային վերածնության ու զարթոնքի մեր տեսիլքների ու իղձերի իրագործման համար մեկ ճանապարհ ունենք' այն կյանքը, որ Աստծո Որդու մեջ է:

Փրկչի հարության ավետիսով նորոգենք մեր ուխտը Աստծո հետ, գոտեպնդվենք հավատքով, հարուցյալ կյանքի հույսով' հաղթահարելու համար առկա նեղություններն ու դժվարությունները: Մերժենք մեր կյանքից երկյուղ, վհատություն և ամեն տարակույս, որ կարող են ջլատել մեր ժողովրդին ու մեր միասնականությունը, և միմյանց զորակցությամբ իրագործենք հայրենաշեն ու ազգաշեն մեր բոլոր ծրագրերն ու նվիրական նպատակները: Մեր Տիրոջ կողմից վկայված և պատգամած սիրով ապրենք, որպեսզի յուրաքանչյուրիս հաջողությունը, ձեռքբերումը ծառայեն ընդհանուր բարօրությանն ու առաջընթացին, հաղթանակ, փառք ու պատիվ դառնան մեր երկրի և ողջ ազգի համար, և մենք մնանք հավատարիմ ու սեփական ժողովուրդ Աստծո' արժանի Տիրոջ երկնային շնորհներին ու պարգևներին:

Աղոթում ենք, որ հարուցյալ մեր Տիրոջ շնորհները հեղվեն մարդկանց հոգիներին, որպեսզի աշխարհում ամենուր հաստատվեն և արգասավորվեն խաղաղությունը, միմյանց հանդեպ սերն ու արդարությունը: Թող Տերը խաղաղ պահի մեր Հայրենիքը, մեր ժողովրդին' ի սփյուռս աշխարհի և օրհնի բոլոր ջանքերը' հանուն մեր կյանքի բարօրության ու մեր հավատքի պայծառության, որպեսզի ազգս հայոց այսօր և միշտ խնդությամբ ավետի'

Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Օրհնեալ է Յարութիւն Քրիստոսի»: