Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կապանում բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին հանդիպում մարզպետ Հունան Պողոսյանի և փոխմարզպետ Նարեկ Բաբայանի հետ:
Քաղաքացիների պահանջից հետո Հունան Պողոսյանը մոտեցավ նրանց: Նա իր ելույթում ասաց, որ ինքն իր կյանքի ընթացքում բազմիցս այսպիսի գործերի հետ առնչվել է, սակայն պաշտպանական մարտավարությունը պետք է իրականացնեն փաստաբանները, իսկ ինքը, որպես մարզպետ, հավաստիացրեց, որ անտեղի, չարած որևէ բանի համար որևէ մեկը պատիժ չի կրի: Ով ինչ արել է, կոնկրետ առարկայական պատիժ պետք է կրի: Գործի բազմակողմանիության, օբյեկտիվության և լրիվության վրա ոչ մեկը չպետք է կասկածի. «Գոնե էսօր գիտեք՝ գործերն օբյեկտիվ են քննվում»:
Հունան Պողոսյանն իր խոսքը սկսելուց առաջ նախ խնդրեց լսել միմյանց և չտրվել էմոցիաներին: «Խնդիրն այն է, որ բարձրացված հարցերն իրավական հարթության մեջ են: Ես այստեղ ոչ ոքի հետ համաձայն չեմ, թե քաղաքական նպատակներ կան։ Բացարձակ նման բան ես չեմ տեսնում: Իրավական հարթությունում է այս ամեն ինչը։ Հարցերի մի մասին այս պահին չեմ կարող պատասխանել։ Կարծում եմ' իրավապահները շատ հստակ կպատասխանեն, քանի որ արդեն, միջադեպի հետ կապված, ծառայողական քննություն է անցկացվում: Որպես նախկին իրավաբան՝ ընդամենը մի բան կասեմ․ քանի որ գործը հարուցված է Երևան քաղաքում, այստեղ այն չեն կարող քննել։ Ձեր համերաշխությունը, ձեր մտահոգությունը, ամեն ինչը հասկանում եմ, կիսում եմ, բայց ինչ որ անում ենք, գործին չի օգնում: Բոլորիդ աչքերի մեջ նայելով՝ ասում եմ՝ 1 տարի 7 ամիս աշխատում եմ որպես մարզպետ, այդ 1 տարի 7 ամսում որևէ մեկին չեն ասել անտեղի՝ աչքիդ վերևը ունք կա։ Սա կոնկրետ դեպք է, կոնկրետ գործ է հարուցվել»,- ասաց մարզպետ Հունան Պողոսյանը և հավելեց, որ օդի մեջ, առանց փաստական հանգամանքների՝ կրքեր ենք բորբոքում այն դեպքում, երբ մարդկանց ճակատագրեր է որոշվում:
«Մարդիկ, ովքեր հորթի հրճվանք են ապրում, ուրախանում են, պետք է ասեմ' ո՛չ, գոյություն ունի անմեղության կանխավարկած, ու բոլորին հորդորում եմ անմեղության կանխավարկածն աչքի առաջ ունենալով՝ գործի քննությունը ընթանա: Ժողովուրդ ջան, չեմ ուզում, որ որևէ մեկս օգտագործվի՝ որպես գործիք, բայց գործը քննվում է հաշված ժամերից մինչև նույնիսկ օրերի ընթացքում, և անգամ այդ դեպքում չի լինում եզրահանգման գալ։ Գործի քննության ընթացքում շատ բան պարզվելու է»: