ՀՀ Ոստիկանությունում այժմ ակտիվ քննարկվում է նոր ոստիկանապետի անունը: ԼՈՒՐԵՐ.com-ի աղբյուրը հայտնում է, որ առաջիկայում այդ պաշտոնը ստանձնելու է ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, այժմ արդեն Սյունիքի մարզպես Հունան Պողոսյանը:
Ավելին՝ նշվում է արդեն, թե ներկայիս ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ինչ պաշտոն է ստանալու. աղբյուրը փոխանցում է, որ Օսիպյանը նշանակվելու է Հունանան Պողոսյանի խորհրդականի պաշտոնում:
Աղբյուրը մանրամասնում է նաև, որ Հունան Պողոսյանն այն մարդը չէ, որ մնա մարզպետի պաշտոնում. վերջինս գեներալ-լեյտենանտ է և մարզպետի պաշտոնի է գնացել միայն մի պայմանով՝ կրկին տեղափոխվել համակարգ՝ բարձր պաշտոնով:
Տեղեկությունը պաշտոնապես ճշտելու համար կապ հաստատեցինք ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանին, սակայն վերջինս ի պաշտոնե չկարողացավ որևէ պատասխան տալ:
Զանգահարեցինք նաև Սյունիքի ներկայիս մարզպետ Հունան Պողոսյանին, սակայն Պողսոյանն այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին:
Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում է այս տարվա մայիսի 10-ից, իսկ Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետ է այս տարվա հոկտեմբերի 15-ից: