«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» հանդես է եկել հայտարարությամբ.
«Վերջին օրերերին հաճախակիացել են անդրադարձները «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը՝ փորձելով վերջինիս կապել ինչ-որ ենթադրյալ հակաօրինական գործողությունների հետ, ընկերությունը ներկայացնել որպես այդպիսի գործողությունների կատարման վայր կամ հովանավոր՝ արատավորելով կազմակերպության և նրա կոլեկտիվի բարի համբավը և վաստակած հեղինակությունը:
Մասնավորապես, հրապարակվող նյութերում և այլ կերպ տարածվող տեղեկություններում պարբերաբար հատուկ շեշտադրվում է ենթադրյալ ապօրինի գործողություններին մասնակցելու մեջ կասկածվող անձանց ուղղակի կամ անուղղակի կապը ԶՊՄԿ-ի հետ՝ ստեղծելով դրանցում ընկերության ներգրավվածության պատրանք: Առավել ևս, այն պարագայում, երբ այդ անձանց գերակշիռ մասը որևէ առնչություն չունի ընկերության հետ:
Ցավալի է, որ այդ կերպ են վարվում ոչ միայն այս կամ այն սուբյեկտիվ դրդապատճառներով և նեղ անձնական շահերով առաջնորդվող լրատվամիջոցներ կամ անձինք, այլ նաև՝ որոշ պաշտոնյաներ, ովքեր փորձում են սեփական ձախողումները և հեղինակության բացակայությունը երկրի ղեկավարության առաջ արդարացնելու համար, որպես մեղավոր և պատասխանատու ներկայացնել ԶՊՄԿ-ին:
Փաստ է, որ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունն ունի ավելի քան 4600 աշխատակից, որոնցից մոտ 2600-ը Քաջարան, իսկ 1800-ը Կապան քաղաքի բնակիչներ են. Քաջարանում չկա որևէ ընտանիք, որի անդամներից առնվազն մեկը չհանդիսանա ընկերության աշխատակից: Բացի այդ, ընկերությունն անուղղակի կերպով աշխատանքով է ապահովում ավելի քան 15 000 մարդու՝ իր կապալառուների, մատակարարների և փոխկապակցված ընկերությունների միջոցով: Նման պայմաններում, ցանկության դեպքում հնարավոր է առանց որևէ դժվարության Հայաստանում տեղի ունեցող ցանկացած իրադարձության մասնակիցների մեջ գտնել ԶՊՄԿ-ի հետ ինչ-որ առնչություն ունեցող անձանց (աշխատակից, կապալառու, մատակարար, նրանց ընտանիքի անդամ, հարազատ, սոցիալական ծրագրի շահառու, ազդակիր համայնքի բնակիչ և այլն):
Ստիպված ենք հիասթափեցնել անժամանակ խանդավառված բոլոր սուբյեկտներին, կեղծ ու մտացածին տեղեկություններ տարածող անհատներին և պաշտոնապես հայտնել, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը որևէ առնչություն չունի և չի ունեցել 2020 թվականի մայիսի 24-ին, ինչպես նաև դրան նախորդած և հաջորդած օրերին Կապանում և Քաջարանում տեղի ունեցած իրադարձություններին:
Չնայած տարբեր տեսակի սադրանքներին և խարդավանքներին՝ չենք ներքաշվելու քաղաքական և մեր անմիջական տնտեսական գործունեության հետ կապ չունեցող այլ գործընթացներում, նույնիսկ այս դժվարին ճգնաժամային պայմաններում շարունակելու ենք աշխատել, պահպանել աշխատատեղերը, ապահովել ընկերության հազարավոր աշխատողների և սոցիալական ծրագրերի շահառուների բարեկեցությունը, ապրել հայրենիքի հոգսերով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ընկերությունն ունակ է բոլոր հարթակներում օրինական կերպով պաշտպանելու իր ու իր բազմահազարանոց կոլեկտիվի ու դրա յուրաքանչյուր անդամի իրավունքներն ու օրինական շահերը, բարի համբավը և արժանապատվությունը»: