«Տավուշ տեքստիլ» գործարանի Բերդի արտադրամասի գրեթե 100 աշխատակցի մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց «Տավուշ տեքստիլ»-ի տնօրեն Միքայել Եզեկյանը՝ նշելով, որ դեպքը գրանցվել է ձեռնոցների արտադրամասում և այն շարունակում է փակ մնալ։ ««Տավուշ տեքստիլ»-ի միայն ձեռնոցների արտադրամասում են վարակի դեպքեր գրանցվել, որը չի աշխատում, իսկ դիմակների արտադրամասը շարունակում է գործունեությունը, քանի որ այնտեղ վարակի որևէ դեպք չկա: Բոլոր աշխատակիցների թեստերի պատասխանները դեռ չենք ստացել, բայց այս պահին մոտ 80 հաստատված դեպք կա։ Նրանք բոլորն ինքնամեկուսացված են իրենց տներում, հոսպիտալացված աշխատակիցներ չկան: 14-րդ օրն է մոտենում ու 90%-ի մոտ նորմալ վիճակ է, գանգատներ չկան, որևէ մեկի մոտ թոքաբորբ չկա: Ում թեստի պատասխանները բացասական են եղել, նրանից փորձում ենք արդեն խմբեր ձևավորել, որպեսզի սկսենք աշխատել»,- նշեց տնօրենը: 

 

Եզեկյանի խոսքով՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ թեստավորվել են նաև դիմակների արտադրամասի աշխատակիցները: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տավուշ տեքստիլ»-ի աշխատակիցներից 6-7-ը կորոնավիրուսով են վարակվել, որի պատճառով արտադրամասերից մեկի գործունեությունը դադարեցվել էր: Նշենք, որ երբ տեղեկություններ էին տարածվել «Տավուշ տեքստիլ»-ում կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ, գործարանի տնօրենը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում փորձել էր հերքել դրանք, այնինչ Բերդի համայնքապետը հաստատել էր: Հավելենք՝ «Տավուշ տեքստիլ» արտադրամասի հոսքագծերից մեկը Բերդ քաղաքում է, մյուսը՝ Արծվաբերդ գյուղում, վերջինս կորոնավիրուսով պայմանավորված՝ արտադրում է նաև պաշտպանիչ դիմակներ։

Սոնա Հարությունյան