Արսեն Նիկողոսյան. 5 անգամ դատավորի քննություն հանձնողը

Արսեն Նիկողոսյանը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է: 2 որդի ունի: Սիրում է քայլերը տրամաբանված անել և ձախողումների համար վերցնել ամբողջական պատասխանատվություն:

Կարտոֆիլի քոլերը ջարդելով

Գավառի Սարուխան գյուղում հենց կարտոֆիլի դաշտով վազող երկու տղա էին տեսնում, ուրեմն «Սիրանը եկել է»: Սիրանույշը Արսեն Նիկողոսյանի մայրն է: «Տենց գազանություն մենակ քաղաքից եկած երեխեքը կանեն». ընդունում էին գավառցիները, բայց չէին արգելում՝ թող մի քիչ ուրախանան, «չտես» են՝ քաղաքում կանաչ դաշտ չեն տեսել:

Մեկ-մեկ էլ սար էին գնում՝ հոլիկներ: Արսեն Նիկողոսյանը սիրում էր ձի հեծնել: Վախենալու էր, իհարկե, ձիու վրա շատ բարձր դիրքում էր հայտնվում, բայց շատ էր սիրում: Գյուղացիներն աչքը չէին կտրում՝ ամանաթ երեխա է:

Մայրը շատ վաղ տարիքում էր հարս եկել Երևան: Խստակյաց տատ ու պապի հետ էին ապրում: Հայրը առանց մի խոսքի՝ իր վարքագծով, իր աշխատասիրությամբ, կնոջ հանդեպ վերաբերմունքով ի ցույց էր դնում, որ ընտանիքը առաջնային ու բարձրագույն արժեք է: Մայրը չէր աշխատում՝ տղաներին էր պահում, հայրը՝ «Պոլիվինիլացետատ» գործարանում բանվոր էր, սկզբունքային, որդիներին միշտ ասում էր՝ պապան հետդ է:

Մի անգամ, սակայն, հետաքրքիր դաս տվեցին իրենց այդքան սպասված երեխային՝ Արսենին: Դեռ դպրոց չէր գնում, բակում մի տղա շատ անհարմար արգելակել էր ճանապարհը: Դե, ինքն էլ ընդվզել էր, վատ բառեր ասել, կռիվ էր դարձել: Բայց երբ տանը պատմեց այդ մասին, իրեն չպաշտպանեցին, ասացին՝ վատ բառեր ես ասել: Դրանից հետո ցանկացած իրավիճակում փորձում էր դրսևորել զսպվածություն, քանի որ հասկացել էր՝ եթե վատ վարքագիծ դրսևորի, ուրեմն պետք է կարողանա պատասխան տալ հետևանքների համար:

Անգամ Երրորդ մասի միջավայրում աստիճանաբար ձևավորվեց Արսեն Նիկողոսյանի՝ կռիվ անելու փիլիսոփայությունը. եթե ինքը ինչ-որ մեկի կարող է ծեծել՝ իմաստը ո՞րն է, որ ծեծի, իսկ եթե ինչ-որ մեկը իրեն կարող է ծեծել, ուրեմն պետք է աշխատի այնպես անել, որ նա իրեն չծեծի:

Ժուռնալիստիկան ֆանտաստիկ մասնագիտություն է

Ռոբերտ Մավիսակալյանը Նիկողոսյանի համար լրագրողի ընդօրինակելի կերպար էր: Մինչև 3-4 դասարանը մտածում էր՝ ժուռնալիստիկան ֆանտաստիկ մասնագիտություն է, հասարակության մեջ տրամադրություն փոխող, ռեալ չորրորդ իշխանություն: Եթե այդ մասնագիտությունն ընտրեր, հետաքննող լրագրող կդառնար, բայց տատիկի հետ զրույցից հետո փոխեց միտքը:

Տատիկը պատմեց քրոջ մասին, որը հարգված ժողովրդական ատենակալ էր և բացատրեց, թե ինչ բան է դատավորը, դատախազը ու իր մոտ լուրջ հետաքրքրություն առաջացավ այդ մասնագիտության, այդ մարդու դերի հանդեպ: Այդ պահից էլ որոշեց՝ իրավաբան, դատավոր է դառնալու և հետևողականորեն գնաց այդ ճանապարհով:

Պետպաշտոնյան հաղթում է դատը

21 տարեկանից աշխատել է՝ բակալավրիատը գերազանցությամբ ավարտելուց հետո: Նախ՝ կառավարության աշխատակազմում, 2 տարի հետո անցել հարկային մարմնում ծառայության, 8 ու կես տարում մասնագետից աճել մինչև իրավաբանական վարչության պետի տեղակալ:

Հիմնականում իրավավերլուծական աշխատանքով զբաղվող Արսեն Նիկողոսյանին մի անգամ ուղարկում են դատական նիստի՝ ներկայացնելու հարկային մարմնի շահը մի դատավարությունում, որի մասին միանգամայն հակառակ դիրքորոշում ուներ, բայց պարտավոր էր պաշտպանել հարկայինի շահը:

Սկզբում անկեղծորեն ասում է իր դիրքորոշումը, հետո ելույթը զարգացնում այնպես, որ արդյունքում հաղթում է գործը և հեղինակությունը կտրուկ բարձրանում է հարկայինում: Դատավորին կարողանում է համոզել բացառապես իրավունքի գործիքների միջոցով՝ ոչ ստանդարտ մոտեցումների արդյունքում: Այնպես, ինչպես ֆիլմերում՝ հերթով հեռացնում է ապացույցները գործի վարույթից՝ այս կամ այն թերությունը բացահայտելով: Արդյունքում ստացվում է, որ իր դիրքորոշումը միակն է, այլ դիրքորոշում չկա ու գործը շահում է: Դա ֆանտաստիկ էր:

Դրանից հետո Արսեն Նիկողոսյանը մի որոշ ժամանակ աշխատում է դատախազությունում՝ որպես դատախազ, ապա անցնում դատավորի աշխատանքին:

Զուգահեռ դասավանդում է ԵՊՀ-ում՝ քաղաքացիական դատավարության, այնուհետև քրեական դատավարության ամբիոնի դոցենտ է: 23 տարեկանում, երբ առաջին անգամ գնաց լսարան մտնելու, գրեթե իր տարեկից տղաները դռան առջև կանգնած էին: Մոտեցավ, ասացին՝ մի նոր ինչ-որ երիտասարդ դասախոս է գալու, ՙՙհլա տենանք էդ ով է՚՚: Ասաց՝ մտեք լսարան, հիմա կտեսնեք՝ ով է: Մտան լսարան, տեսան՝ ինքն է, բավականին ուրախացան:

Դասը խանգարել՝ չկա: Ասում է՝ ինքը խիստ պատասխանատու մարդ է և թույլ չի տա, որ որևէ մեկը իր աշխատանքի հանդեպ անհարգալից լինի:

Կյանքի ամենաէպոպեական պատմությունը

7 տարում 5 անգամ քննություն հանձնեց՝ դատավոր դառնալու համար: 5 անգամն էլ՝ իրավունքի տարբեր ճյուղերով՝ և՛ քաղաքացիական, և՛ վարչական, և՛ քրեական: Դա հազվադեպ բան է:

Դատավորի քննությունները սկսեց տալ 2007 թվականից, հաջողության հասավ 2014-ին: Ընդ որում, գրավոր քննություններից միշտ ամենաբարձր միավորներն էր հավաքում, իսկ արդեն բանավորներին՝ քվեարկում էին ու ասում՝ կներեք, պրն Նիկողոսյան, այս անգամ ևս ձեզ չընտրեցինք:

Այդ ընթացքում հասցրեց դասագիրք գրել վարչական դատավարությունից, հոդվածներ, գրքեր հարկային իրավախախտումների մասին, 3 պաշտոն փոխեց, հազար ու մի կոչում ստացավ:

5-րդ անգամը երբ մտավ բանավոր քննության սրահ, Արդարադատության խորհրդի անդամներից մեկն ասաց՝ ոնց որ թե դու մեզանից չես զզվում հա՞, Նիկողոսյանը պատասխանեց՝ իմ սխալների համար ես պատասխանատու համարում եմ ինձ: Այդ միտքը, կարծես, նրանց դուր եկավ: Վճռաբեկ դատարանի այն ժամանակվա նախագահ Արման Մկրտումյանը հարցրեց՝ եթե կենսաբանությունից կամ ընտանեկան իրավունքից քննություն դնենք, դարձյա՞լ գալու ես հանձնելու, ասաց՝ բացարձակ խնդիր չեմ տեսնում: Ու այդ անգամ որոշեցին՝ Արսեն Նիկողոսյանն անցնում է քննությունն ու դառնում դատավոր: Այդ՝ վերջին քննությունը քրեական իրավունքից էր և նա մտավ քրեական դատավարության ոլորտ:

2 տարի հետո գիտական կոչումով դարձավ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Ֆլետչեր

Բանակ գնալու պես ու բանակի փոխարեն Արսեն Նիկողոսյանը գնաց Ֆլետչերի միջազգային դպրոցում սովորելու: 6-ամսյա կուրս էր: Կյանքի միակ հատվածն էր, երբ առանց ծնողների էր ապրում: 4 տղաներով նույն տան մեջ էին: Ամենալավ խմբերից մեկն էր, միշտ աչքի ընկնող՝ կազմակերպվածությամբ, լավ արդյունքներով:

Նա մինչ այդ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եղել էր՝ հարկային մարմնում աշխատելու տարիներին: Բայց ամեն նոր այցելություն նոր մտածողության մի փոքր հատված ավելացնում էր: Նախ՝ ամերիկյան մագիստրոսական կրթական համակարգին ծանոթանալու, նոր մարդկանց հետ առնչվելու տեսանկյունից: Դասախոսներից էին, օրինակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը, Մարդու իրավունքների գծով աշխարհի լավագույն մասնագետներից մեկը, համեմատական իրավունքի լավագույն մասնագետներից մեկը և այլն:

Հարվարդի և Թաֆթսի գրադարաններից օգտվելով Արսեն Նիկողոսյանը մի հետաքրքիր աշխատանք գրեց՝ ԱՄՆ հարկային դատարանի և ՀՀ վարչական դատարանի միջև համեմատական հետազոտություն, որը բարձր գնահատականի արժանացավ: Նույնիսկ մի անգամ, երբ Գերագույն դատարանի դատավորների հետ հանդիպմանը մի հարց տվեց, նրա դասախոսը հումորով ասաց՝ Նիկողոսյանը Հարկային դատարանը ավելի լավ գիտի, քան Հարկային դատարանի ամերիկացի դատավորները:

Դատարանի դահլիճում՝ շունչը կտրվելով

Առաջին անգամ, երբ նիստերի դահլիճ մտավ իբրև դատավոր, շունչը կտրվում էր: Արդեն 35 տարեկան էր, դասախոսական փորձով ճարտասան մեկը, նիստերի դահլիճում էլ գրեթե մարդ չկար, միայն մեկ դատախազ՝ մինչդատական վարույթի բողոքի քննություն էր, բայց մինչեւ կոկորդից հանեց բառերը, թե՝ ո՛ր դատարանում ի՛նչ գործ է քննվում, ովքե՛ր են ներկա, շունչը կտրվում էր. հուզմունքը, պատասխանատվության զգացումը շատ մեծ էր:

Դրանից առաջ այդպիսի զգացողություն մեկ էլ ունեցել էր դատավորի երդումը տալիս՝ էլի բառերը դուրս չէին գալիս, ուժերի գերլարումով ասաց տեքստը՝ մարմնի բոլոր բջիջներով զգալով դատավորի երդման կարևորությունն ու պատասխանատվությունը:

Արսեն Նիկողոսյանի համոզմամբ, դատավորը աշխատանք չէ, այլ կոչում: Դա ինքնասահմանափակումների ճանապարհ է, մասնագիտական ամենաբարձր աստիճանին համապատասխանելու ձգտում, որը պետք է անցնել ինքնազարգացման ճանապարհով:

Հիշում է առաջին դատավճիռը. ամբաստանյալը իրենից տարիքով մեծ էր, առնական տղամարդ, բայց երբ դատավճիռը կարդաց, նա բավականին հուզվեց, կարծես բեռ թոթափեց: Մարդը կարծես գիտակցեց, որ իր արարքին համապատասխան պատիժ ստացավ և համաձայնեց այդ պատժի հետ: Ամբաստանյալի խնդրանքն էր, որ դատավճռի մասին ընտանիքի անդամները տեղեկացված չլինեն, պատիժը կրի, ավարտի, փորձի նոր կյանք սկսել: Այդ հուզմունքը դատավորին էլ հուզեց, որովհետև հասկացավ՝ ինչ կշիռ ունի իր որոշումը այդ մարդկանց համար:

Դատավորը մարդ է, ասում է Արսեն Նիկողոսյանը, չպետք է մոռանալ այդ մասին, մարդ է՝ լավ և վատ կողմերով, մեքենա չէ, նոթբուք չէ, որտեղ կարելի է փաստերը ներմուծել և կոճակը սեղմելուց հետո ստանալ դատավճիռը: Դատավորը ունի զգացողություններ, բայց դատավորը այն մարդն է, որը պիտի կարողանա կառավարել այդ զգացողությունները և թույլ չտա, որպեսզի դրանք խանգարեն իր որոշումների կայացմանը: Պետք է աշխատել, որ կասկածները մոտենան զրոյի, որովհետև ավելի լավ է 10 մեղավորի բաց թողնել, քան 1 անմեղի պատասխանատվության ենթարկել, որովհետև այդ մեկ անմեղի միջոցով քանդվում է ամբողջ համակարգը: Բայց պետք է նաև վատ արարք կատարած անձին պատասխանատվության ենթարկել, որպեսզի վատ ազդակ չլինի հասարակության մեջ, թե ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորած անձը կարող է մնալ ազատության մեջ:

«Բավարար տղամարդ եմ՝ իմ ընտրած ճանապարհով գնալու համար»

Արսեն Նիկողոսյանը դժվարություններին նորմալ է վերաբերվում, ասում է՝ ամեն գործի մեջ ինչ-որ մի փուլ դժվար է լինում: Երբեմն իրավական լուրջ խնդիր էլ չկա, բայց ամբաստանյալի անձնական, ընտանեկան պատճառներով հուզականությունը շատ մեծ է և դատական նիստերի դահլիճը եռում է:

Հետաքրքիր մի դատավարություն է հիշում, երբ մի երիտասարդ ընդհանրապես չէր ցանկանում մասնակցել նիստին, հրաժարվում էր գալ: Աշխատակազմի միջոցով համոզել, բերել էին՝ առանց այլ ինստիտուտների ներգրավման: Սկզբում շատ ագրեսիվ էր տրամադրված ընդհանրապես իշխանության, դատախազի, տուժողի նկատմամբ, կողմերի հետ կոնֆլիկտներ էր ունենում: Դատավոր Նիկողոսյանը սկսեց զրուցել երիտասարդի հետ հենց նիստի ընթացքում: Փորձեց նրա իրավունքները պարզաբանել, ոչ պաշտոնական տերմինաբանությամբ հասկացնել, թե իրեն ինչու են կանչում, եթե չգա ինչ հետևանքներ կարող է ունենալ, ոչ թե իր ամբիցիաներն առաջ տարավ, այլ բացատրեց, որ դա իրենց երկուսի անձնական գործը չէ, նման վարքագծի դեպքում ինքը որպես դատավոր պարտավորված կլինի նրա հանդեպ որոշակի քայլեր ձեռնարկել՝ որպես ամբաստանյալի:

Արդյունքը տպավորիչ էր. այդ ըմբոստ մարդը հենց դատական նիստերի դահլիճում հուզվեց և արցունքախառն աչքերով ասաց՝ պարոն դատավոր, որևէ մեկը մինչև հիմա ինձ հետ այդպես չէր խոսել: Արսեն Նիկողոսյանը խնդրեց մոտենալ, սեղմեց ամբաստանյալի ձեռքը, հասկացավ, որ արդեն երրորդ դատվածությունն ունեցող այդ մարդուն բոլորը վերաբերվել են որպես հանցագործի, այնինչ նա ուղղակի մարդ էր, ուներ արժանապատվություն և այդ արժանապատվությունը չպետք է նսեմացվեր:

Որոշ ժամանակ անց աշխատակիցները տեղեկացրին, որ այդ ամբաստանյալը զանգել էր, հարցրել՝ երբ պետք է գնա պատիժը կրելու, որպեսզի պատասխանատվությունը չկորցնի դատարանի առջև, քանի որ խոստացել է, որ կգնա: Փաստորեն, դատավորի վերաբերմունքը, որն ասել էր՝ քո արժանապատվությունն անկասելի է, որևէ մեկը չի ուզում քեզ նսեմացնել, բայց եթե դու արարք ես գործել, այդ արարքի համար պետք է պատասխանատվություն կրես, դա տղամարդու հատկանիշն է, արդյունք էր տվել և այդ մարդն ինքը զանգել էր, որպեսզի գնա՝ պատիժը կրելու:

«Իմ կարծիքով սա հաղթանակ է: Հաղթանակ է ինքդ քո հանդեպ: Այդ մարդուն հանցագործի պես էին վերաբերվել, ինքն էլ ադեկվատ պատասխան էր տալիս, պաշտպանվում էր ագրեսիայով: Իմ կարծիքով, նման գործերով է մարդը դառնում դատավոր»,-ասում է Արսեն Նիկողոսյանը:

Քրեական գործեր քննող դատավորը երջանիկ իրադարձությունների մասնակից չէ իհարկե՝ նկատում է Արսեն Նիկողոսյանը, ժամանակի հետ ավելի լրջմիտ է դառնում, խստաբարո, սկսում է քիչ ժպտալ, բայց նաև ավելի բարի է դառնում:

Դատավորի կոչումը ազդում է դա կրող մարդու կյանքի վրա, բայց Արսեն Նիկողոսյանն ասում է, որ սիրում է իր մասնագիտությունը և համարում է, որ բավարար տղամարդ է՝ իր ընտրած ճանապարհով գնալու համար:

Հարսանիքի նախօրեին՝ կինոթատրոնում

Արսեն Նիկողոսյանը սիրում է սպորտով զբաղվել, լողալ, բասկետբոլ խաղալ, ճանապարհորդել, թանգարաններ այցելել, թատրոններ: Բայց ամենաշատը սիրում է ընտանիքի հետ զբոսնել: Իրենց փոքրիկին դնում են սայլակի մեջ ու ման տալիս քաղաքով մեկ:

Կնոջ հետ սիրում են կինո գնալ: Անգամ հարսանիքի նախօրեի գիշերը, երբ երկու ընտանիքները նախապատրաստությունների մեջ էին, իրենք երկուսով մինչև ժամը 2-ը կինոթատրոնում էին: Նայում են ինչքան հնարավոր է թեթև, հումորային ֆիլմեր, դա էլ, ինչ-որ առումով, հակակշիռ է դատավորի ծանր առօրյային:

Կինը փաստաբան է՝ Արսեն Նիկողոսյանի ուսանողուհին է եղել: Ասում է՝ շատ նման են իրար, պարզապես կինը իր ավելի լավ տեսակն է, ավելի բարի, հանդուրժող: Մեծ որդու անունը Արման է, փոքրինը՝ Արեգ:

Դատական համակարգը ավելի լավը դարձնելու ուղիները, Արսեն Նիկողոսյանի համոզմամբ, երկուսն են. պետք է բարելավել դատավորի սոցիալ-տնտեսական, իրավական կարգավիճակը՝ զուգահեռ դատական իշխանություն ներգրավելով լավագույն մասնագետներին: Ասում է՝ մեր երկրում չկա կոռուպցիա, որը թաքցրած մնա, որևէ մեկը չի կարող որևէ գործընթացի մեջ անազնիվ լինել և հասարակությունը չիմանա: Պետք է կարողանալ ճիշտ մարդկային ու մասնագիտական որակներով օժտված դատավորներ ընտրել, որպեսզի իրենց առաքելությունը կարողանան պատվով իրականացնել: