Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը իր պաշտոնյաներին հորդորել է զգոն մնալ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում: Նա ելույթ է ունեցել Փհենյանում կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ: «Ոչ մի ինքնագոհոթյուն և հանգստություն չպետք է լինի»,- նախազգուշացրել է կոմունիստական առաջնորդը ներկաներին:
Միևնույն ժամանակ, Կիմը շարունակում է պնդել, որ ԿԺԴՀ-ում կորոնավիրուսային վարակի ոչ մի դեպք չի արձանագրվել, և երկիրը «արգելափակել է նենգ վիրուսի ճանապարհը»: Դիտորդներից շատերը չեն վստահում Հյուսիսային Կորեայում COVID-19-ի լիակատար բացակայության վերաբերյալ պաշտոնական տվյալներին՝ չնայած համաճարակի սկսվելուն պես երկիրը ամբողջությամբ փակել էր իր սահմանները Չինաստանի և Ռուսաստանի հետ:
Մեկուսացված երկրից տեղեկատվություն է ստացվում նոր տնտեսական ծանր ճգնաժամի և հիմնական ապրանքների գների բարձրացման մասին՝ նշում է Associated Press գործակալությունը։