2019 թվականից Հյուսիսային Կորեան պատրաստում է իշխանության հանձման գործընթաց, որն իրենից ներկայացնում է արտակարգ իրավիճակների ծրագիր՝ երկրի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընի փոխարեն ղեկավարի պաշտոնում առաջադրելով նրա կրտսեր քրոջ՝ Կիմ Յո Չժոնի թեկնածությունը: Կիմ Յո Չժոնը կղեկավարի երկիրը եղբոր մահվան դեպքում։ Այդ մասին հայտնում է ճապոնական Yomiuri թերթը, գրում է KBS World-ը:
Yomiuri թերթը հղում է անում Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ եռակողմ բանակցություններին ծանոթ աղբյուրին: Հրապարակման զրուցակիցները նշում են, որ այդ որոշումից հետո Չժոնի անունից բազմաթիվ ցուցումներ են տրվել կուսակցության ղեկավարներին և բարձրաստիճան զինվորականներին:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ հունվարին Ֆրանսիայից մի խումբ բժիշկներ են ժամանել Փհենյան, որը, ենթադրաբար, պայմանավորված է Կիմ Չեն Ընի վատթարացող առողջական վիճակով: Նա ունի արյան բարձր ճնշում, սրտի հիվանդություններ և շաքարային դիաբետ։