«Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել է: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Սամվել Մկրտչյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ Սամվել Մկրտչյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 38-314-րդ հոդվածների մեջ։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ նա ձերբակալվել է Վահագն Աբգարյանի՝ «Ալավերդցի Վահագի» հետ կապված պատմության շրջանակներում:
Նշենք, որ այս տարվա փետրվարին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դանակահարել և ծեծի էին ենթարկել Ալավերդցի Վահագին և նա տեղափոխվել էր հիվանդանոց։
Օրեր առաջ էլ հայտնի էր դարձել, որ գործով քրեակատարողական հիմնարկի ծառայողներ են ձերբակալվել։ Կատարված նախաքննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողները, 2020թ. փետրվարի 24-ի երեկոյան քրեակատարողական հիմնարկի համապատասխան ծառայողները Վ. Աբգարյանին հիմնարկի պետի մոտ ուղեկցելու պատրվակով դուրս են բերել իր խցից և ուղեկցել մեկ այլ խուց, որտեղ գտնվող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ պարունակող, ինչպես նաև առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: