Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վաղը՝ հոկտեմբերի 16-ին, աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա: Ինչպես հայտնում է Զելենսկու մամուլի ծառայությունը, այցի շրջանակներում նախատեսվում է Զելենսկի-Էրդողան հանդիպումը, որի ընթացքում կստորագրվի երկկողմ ռազմական շրջանակային համաձայնագիր: Այն հիմք կստեղծի պաշտպանական ոլորտում առկա ուկրաինա-թուրքական համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու ու ավելի քան 20 նոր ուղղություններով գործակցություն սկսելու համար:
Նշենք, որ Զելենսկու կողմից վերջերս հաստատված Ազգային անվտանգության ռազմավարությունը սահմանում է, որ Թուրքիան այն երկրներից մեկն է, որի հետ Ուկրաինան ռազմավարական գործընկերություն է զարգացնելու՝ տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելու համար: