ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձի կազմակերպման գործով ձերբակալված Սամվել Հարությունյանը և Խաչատուր Պողոսյանը նույն գործով իբրև պատվիրատու ձերբակալված, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի դեմ ցուցմունք չեն տվել: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ասաց Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

«Ես իրենց ցուցմունքներն իրենց կյանքի մասին չգիտեմ, թե իրենք ինչ են արել Հայրիկյանի հետ և ինչ են գրել, բայց էն գիտեմ, որ մեր մասին իրենք ցուցմունք չեն տվել»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը:

Փաստաբանը պնդեց նաև, որ Վարդան Սեդրակյանը չի ընդունել իր մեղքը, քանի որ այն գոյություն չունի: «Չարած բանը ո՞նց կարելի է խոստովանել»,- ասաց փաստաբանը: Եթե Վարդան Սեդրակյանն անմեղ է, ինչո՞ւ են իրավապահները հենց նրան «ընտրել»՝ որպես գործի պատվիրատու: Վարդան Սեդրակյանի փաստաբանը չգիտի այս հարցի պատասխանը, սակայն չի կարծում, թե խնդիրը քաղաքական է: Պարզ է մի բան, որ մեկ ամիս է արդեն՝ ձերբակալված է էպոսագետ ներկայացած Վարդան Սեդրակյանը, սակայն իրենց ապացույցներ չեն ներկայացնում: «Քանի որ մենք կլոունադայի կողմնակից չենք, համբերատար սպասում ենք, որ ապացուցեն»,- նշեց Ա. Սիրունյանը: Նա նշեց նաև, որ այն ապացույցները, որոնք ներկայացվել են, որևէ կերպ Վարդան Սեդրակյանի մասնակցությանը չեն առնչվում:

168.am-ի այն հարցին, թե համապատասխանո՞ւմ են իրականությանը մամուլի այն տեղեկությունները, թե մինչև արտերկիր մեկնելը Պարույր Հայրիկյանն առերեսում է ունեցել Սամվել Հարությունյանի և Խաչատուր Պողոսյանի հետ, և, որ նրանք էլ ընդունել են իրենց մեղքը, Ալեքսանդր Սիրունյանը պատասխանեց, որ նախաքննության գաղտնիության պատճառով իրենց կարող են այդ մասին չտեղեկացնել՝ համարելով, որ դա իր պաշտպանյալի հետ չի առնչվում, և անձամբ ինքը որևէ տեղեկություն չուներ այդ մասին:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե առողջական և հոգեկան ի՞նչ վիճակում է Վարդան Սեդրակյանը: Ա. Սիրունյանը նշեց, որ ձերբակալման համար Վարդան Սեդրակյանը բոլորովին չի ընկճվել, համարում է, որ ուղղակի փորձանքի է հանդիպել, իսկ ինչ վերաբերում է լյարդի հետ կապված առողջական խնդիրներին, ապա դրանք այդքան էլ լուրջ չեն, սակայն դիմել են քննիչին՝ հետազոտություն կազմակերպելու համար:

Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վարդան Սեդրակյանի երկամսյա կալանքի վերաբերյալ, բողոքարկվում է Վճռաբեկ դատարանում, քանի որ մարտի 5-ին՝ ձերբակալման պահին, Վարդան Սեդրակյանը համարվում էր նախագահի թեկնածու: