Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Սամվել Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ Վարդան Սեդրակյանը այդ գործի հետ կապ չունի: «Մենք ցանկացել ենք գումար շորթել Սեդրակյանից»,- նշում է Հարությունյանն ու հավելում, որ իր պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո հետագայում այլ մանրամասներ կհայտնի:
Գործով որպես վկա հրավիրված տաքսու վարորդ Կարեն Զաքարյանը ճանաչեց ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանին: Զաքարյանը, դատաքննական ցուցմունք տալիս, դեպքի հետ կապված հանգամանքները չէր ներկայացնում այնքան հանգամանալի եւ ճիշտ այնպես, ինչպես դա արել էր նախաքննական ցուցմունք տալու ժամանակ, ուստի մեղադրող դատախազի միջնորդությամբ հրապարակվեց Զաքարյանի նախաքննական ցուցմունքը: Վերջինս նախաքննության ընթացքում նշել էր, որ իր տաքսին կանգնեցրել է մի անձնավորություն, ով նախ ասել է, որ իրեն տանի Ռայկոմ, ապա ասել, որ տանի Քանաքեռ: Զաքարյանը գրում է, որ տվյալ անձնավորություն հագին հաստ վերարկու էր, նա անընդհատ ձեռքը տանում էր դեպի սրտի կողմը, եւ ինչ-որ տոպրակի ձայն էր գալիս: Դա լարել է Զաքարյանի ուշադրությունը եւ տպավորվել նրա մեջ: Մինչդեռ դատաքննական ցուցմունք տալիս Զաքարյանը նշել էր, որ ուղեւորի գործողությունների մեջ տարօրինակություններ չի նկատել:
Դատարանում վկայություն տվեցին նաեւ Հայրիկյանի հարեւաններ Ամալյա Խաչատրյանը, Արտավազդ Դավթյանը եւ Հայրապետյանը, ովքեր հայտնեցին, որ բարձրացված աղմուկից հետո տեսել են Հայրիկյանին՝ աստիճանների վրա ընկած, ում շուրջն արդեն մարդիկ հավաքված են եղել:
Քանի որ վկաներ Արմեն Խանոյանը եւ Արթուր Վարդանյանը այժմ Հայաստանում չեն եւ չեն կարող ներկա գտնվել դատական նիստերին, դատարանում ընթերցվեցին վերջիններիս նախաքննական ցուցմունքները:
Մասնավորապես՝ բժիշկ Արմեն Խանոյանը իր նախաքննական ցուցմունքում գրում է, որ դեպքի օրը՝ հունվարի 31-ին, ժամը 23:50-ի սահմաններում Հայրիկյանին տարել են հիվանդանոց: Նրա ուսի շրջանում ստացված վնասվածքներից մեկը եղել է հրազենային, իսկ մյուսը, ենթադրում է, որ պիտի լիներ հրազենային, բայց չի հաստատում:
Գործով վկա Արթուր Վարդանյանն էլ, ով Հայրիկյանի բնակարանի մուտքում չի բնակվում, իր նախաքննական ցուցմունքում գրում է, որ ինքը դեպքի օրը իր տուն գնալիս տեսել է Հայրիկյանին: Երբ ոտքը դրել է շքամուտքին, երկու ձայն է լսել՝ նման երեխաների կողմից օգտագործվող պայթուցիկների ձայնին: Այնուհետեւ լսել է, որ ինչ- որ մեկը օգնություն է կանչում, բայց, հասկանալով, որ մարդիկ արդեն հասցրեցին նրան օգնության հասնել, ինքը տուն է բարձրացել:
Վարդանյանը նաեւ նշում է, որ ինքը Հայրիկյանի կողքով անցնելիս տեսել է մոտ 30 տարեկան, 1.70 մետր հասակով մի տղամարդու: Նա նաեւ հավելում է, որ իր բնակարանի պատուհանի մոտ մեքենան վերահսկելու համար նախատեսված 2 տեսախցիկներ ունի, որոնց վրա եղած նյութերն անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրել համապատասխան մարմիններին։
Դատավոր Գագիկ Պողոսյանը դատական հաջորդ նիստը նշանակեց հունիսի 12-ին, ժամը 15:00-ին, որի ընթացքում դատարան կհրավիրվի տուժող Պարույր Հայրիկյանը: