Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ջրանցքում ամուսիններ 79-ամյա Զավեն Սայադյանի ու 73-ամյա Հռիփսիմե Սայադյանի մահվան առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Կոտայքի բաժնից:
Մեր աղբյուրների փոխանցմամբ' դժբախտ դեպքի առնչությամբ շրջանառվում է երկու վարկած, կամ տեղի է ունեցել ինքնասպանություն, կամ դժբախտ պատահար: Բանն այն է, որ տարեց ամուսիններն ապրում էին որդիներից մեկի հետ, ով ամուսնացած է եւ ունի երեխաներ: Վերջինս, ի դեպ, տարիներ առաջ դատապարտված է եղել: Ընտանիքի նյութակենցաղային պայմանները վատ են եղել, նրանք լավ չեն ապրել, ընտանիքում ոչ ոք չէր աշխատում, զբաղվում էին գյուղատնտեսությամբ' անասուններ պահել, այգի մշակել եւ այլն:
ԱԻՆ ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար, գնդապետ Սամվել Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դրանից կարելի է եզրակացնել, որ սպանության կանխանշաններ չկան:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 3-ին, ժամը 15.57-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ջրանցքը (զին.կոմիսարիատի մոտակայք) մարդ է ընկել եւ չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Արգելի ջրամբարում տղամարդու դի կա: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:Որոնողական աշխատանքների ընթացքում ջրափրկարարները Արգելի ջրամբարում հայտնաբերել եւ դուրս են բերել ջրահեղձված տղամարդու (60-70 տարեկան, անձը չպարզված) եւ կնոջ (մոտ 60 տարեկան, անձը չպարզված) դիեր: Պարզվել էր, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ջրանցքում խեղդվածներն Ալափարս գյուղի բնակիչներ, ամուսիններ 79-ամյա Զավեն Սայադյանն ու 73-ամյա Հռիփսիմե Սայադյանն են եղել: Ի դեպ, Զավեն Սայադյանը Կոտայքի մարզի դատախազության դատախազ Պերճ Պողոսյանի քեռին է: