«Mediamall.am»   լրատվականն ամփոփում է անցնող օրը.


Վթար Գայի պողոտայի սկզբնամասում. կան տուժածներ

 

Հոկտեմբերի 25-ին, ժամը 02.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի սկզբնամասում' Հայկի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը:

 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 AR 484 պետհամարանիշի (վարորդ Վ. Խ., ծնվ.1955 թ.) և «ՎԱԶ 2121» մակնիշի 55 VM 404 պետհամարանիշի (վարորդ Մ. Մ., ծնվ. 1991 թ.) ավտոմեքենաները, ինչից վերջինս բախվել է ծառին:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ ուղևոր Վ. Մ.-ին (ծնվ.1981 թ.) դուրս են բերել հրշեջ-փրկարարները:
Տուժածները տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

 

Ըստ բժիշկների' տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

 

***

 

Ուկրաինայում լռության օր է. երկիրը պատրաստվում է Գերագույն ռադայի ընտրություններին 

 

Այսօր Ուկրաինայում արգելված է քաղաքական ցանկացած ագիտացիա: Գերագույն ռադայի ընտրությունների նախօրեին, որոնք տեղի են ունենալու կիրակի օրը, հայտարարված է լռության օր: Այս մասին հայտնում է НТВ հեռուստաալիքը:

 

Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում նույնպես պատրաստվում են քվեարկել նոր խորհրդարանի համար: Ընտրությունները կկայանան նոյեմբերի 2-ին: Մարզում կգործի ավելի քան 300 ընտրական տեղամաս:

 

Իրենց թեկնածուի օգտին կարող են քվեարկել նաև աշխարհազորայինները: Նրանց համար պատրաստվում են հատուկ տեղեր քվեարկության համար: Այն քաղաքացիներն, ովքեր չեն կարող գնալ ընտրություններին, առաջարկվում է իրենց կարծիքը հայտնել համացանցի միջոցով:

 

Այժմ Դոնեցկում պաշտոնապես գործում է լռության ռեժիմը, սակայն քաղաքում իրավիճակը հանդարտ համարել չի կարելի: Նախօրեին աշխարհազորայիններն ուկրաինացիների կողմից հրադադարի խախտման 11 դեպք են արձանագրել:

 

***

 

Պարզվել է այրված ավտոմեքենայում հայտնաբերված դիակի ինքնությունը

 

Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գաջի գործարանից Ջրվեժ տանող ճանապարհի 3-րդ կմ-ին ավտոմեքենա է ընկել ձորը, այրվում է և մեքենայի սրահում դիակ կա:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ Աբովյան-Մասիս ճանապարհին՝ հողակտորներից մեկի հարակից տարածքում, անհայտ պայմաններում հրդեհվել է «Միցուբիշի ԻՕ» մակնիշի ավտոմեքենա, որը պատկանում է Երևան քաղաքի Կուզնեցով փողոցի 5 շենքի բնակչուհի Գայանե Մարտիրոսյանին:

 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ դիակի ինքնությունը պարզվել է՝ Երևանի Ավան-Առինջ թաղամասի բնակիչ, 1985 թ. ծնված Արսեն Մաթևոսյան:
Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն:

 

***

 

Մի քանի գողություն՝ մեկ անձի կողմից. տուժողներին փնտրում են

 

Հոկտեմբերի 24-ին հաղորդվել էր գողություն կատարելու համար Քյարամ Մանուկյանին ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայացնելու մասին:

 

Վերջինս ոստիկաններին խոստովանել է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Խանջյան փողոցում գտնվող ակումբի մոտից գողացել է աշխատանքային գործիքներ, Սեբաստիայի փողոցում գտնվող բուքմեյքերական ակումբի մոտից՝ հեծանիվ, իսկ Բեյրութի փողոցում գտնվող այգուց՝ բջջային հեռախոս:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

 

***

 

Դժբախտ պատահար՝ Կոտայքում. շենքի փլուզումից երիտասարդ է մահացել

 

Հոկտեմբերի 25-ին, ժամը 09.18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոտայք-Կապուտան ավտոճանապարհի 1-ին կմ-ում գտնվող հանդամասում փլուզվել է անասնագոմին (պատկանում է Լ. Մ.-ին, ծնվ. 1974 թ.) հարակից շինության երկաթբետոնե տանիքից (30 քմ) մոտ 18 քմ հատված, որի հետևանքով ներսում գտնվող Է. Հ.-ն (ծնվ. 1986 թ.) տեղում մահացել է:

Պարզվել է նաև, որ շինությանը հարակից այրվում է 50 հակ կուտակված անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.58-ին, մարվել' 10.20-ին:

 

***

 

Հայ լրագրողը նշանակվել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական. առաջարկը ստացվել է անձամբ Դավութօղլուից

 

Պոլսահայ գրող, լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը նշանակվել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական: Մահչուփյանը սյունակ էր վարում թուրքական ընդդիմադիր «Զաման» թերթում, այնուհետև տեղափոխվեց իշխանություններին մոտ կանգնած «Աքշամ» պարբերական: Մահչուփյանը անդամակցում է քրդական հարցի կարգավորման առաջարկների մշակման համար 2013-ին ստեղծված «Իմաստունների խորհրդին», որում ներառված են ոչ կառավարական կազմակերպությունների., գիտական ու լրագրողական շրջանակների ավելի քան 6 տասնյակ ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

 

Իշխանամետ լրատվամիջոցներից «Սաբահ» պարբերականը գրում է, որ նախկին վարչապետ Ռեջեփ Էրդողանի' հայությանը հղած ցավակցական ուղերձից հետո Դավութօղլուի խորհրդականի պաշտոնում ազգությամբ հայի նշանակումը կարևոր քայլ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը զարգացնելու համար:

 

Ըստ «Սաբահ»-ի' Մահչուփյանն այդ պաշտոնում աշխատելու առաջարկը ստացել է անձամբ վարչապետից: Անցյալ շաբաթ, երբ կայացել է «Իմաստունների խորհրդի» հերթական ժողովը, ավարտին Դավութօղլուն հանդիպել է Մահչուփյանի հետ և նրան առաջարկել զբաղեցնել իր գլխավոր խորհրդականի պաշտոնը: Մահչուփյանն ընդունել է առաջարկը և նշանակվել:

 

Դավութօղլուն կարևորել է Մահչուփյանի ունեցած ներդրումը Թուրքիայի ժողովրդավարացման, քաղաքացիական հասարակության ձևավորման, պետական ու հանրային թեմաներում կառուցողականության դրսևորման գործում: Նշվում է նաև, որ Մահչուփյանը դերակատարում կունենա հայկական հարցի կարգավորման մեջ, մանավանդ որ Դինքի սպանությունից հետո «Ագոս» թերթի գլխավոր խմբագրի պարտականությունները կատարելիս արդեն ձեռք էր բերել հանրային լայն ճանաչում:

 

Էթյեն Մահչուփյանը ծնվել է 1968 թվականին: Բարձրագույն կրթությունը ստացել է Ստամբուլի Բողազիչի համալսրարանի քիմիայի ֆակլուտետում: Այնուհետև Անկարայի համալսարանում մասնագիտացել է միջազգային տնտեսագիտության ոլորտում և 1977-1980թթ. դասավանդել նույն համալսարանում: 1980-1996 թվականներին զբաղվել է գործարարությամբ' ղեկավարելով մի շարք մասնավոր կազմակերպություններ:

 

***

 

Հակառակորդը մեկ շաբաթում 300 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

 

ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

 

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 

***

 

Ալիևի հակառակորդ լրագրողները արտագաղթում են Ադրբեջանից

 

Օրերս Ադրբեջանից Եվրոպա են գաղթել Իլհամ Ալիեւի վարչակարգին հակառակորդ, Բաքվում աշխատող երկու լրագրողներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, modern.az լրատվական կայքը հայտնում է, որ նրանցից մեկը «Բիզիմ յոլ» թերթի աշխատակից Իդրաք Աբբասովն է: Նա նաեւ Ռեպորտյորների ազատության եւ անվտանգության ինստիտուտի (RATI) աշխատակից է: Ի.Աբբասովի աշխատանքային ընկերները հաստատել են «Բիզիմ յոլ»-ից նրա հեռանալու փաստը, սակայն, չեն կարողացել հայտնել, թե կոնկրետ որ եվրոպական երկրում է գտնվում:

 

Եվրոպա գաղթած մյուս լրագրողը ժամանակ առաջ փակված «Այնա-Զերկալո» թերթի աշխատակից, միեւնույն ժամանակ Լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերենլին է: Նրա ընկերները հայտնել են, որ Ջ.Սումերենլին եւս մեկնել է եվրոպական երկիր:

 

Modern.az-ն ավելի վաղ հայտնել էր, որ օրերս Ադրբեջանից Եվրոպա են գաղթել նաեւ «Ազադլըգ» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի երկու աշխատակիցներ' Աբբաս Աթիլայը եւ Մաարիֆ Չինգիզօղլուն:

 

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունն էլ հայտնել է, որ վերջին ամիսներին Ադրբեջանից առնվազն 7 ԶԼՄ-ների աշխատակիցներ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր չեն հաշտվում Ալիեւի վարչակարգի հետ, քաղաքական ապաստան են խնդրել Արեւմուտքում:

 

Ըստ գործակալության' ապաստան խնդրած անձանց մեջ կան նաեւ Ադրբեջանում ձերբակալված ԶԼՄ-ների աշխատակիցների ընտանիքի անդամներ:

 

***

 

Գերագնահատված ընդդիմություն

 

Հոկտեմբերի 15-ին հրապարակվեցՍահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ինչից օրեր անց Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանըհայտարարեց, որ Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշումը հայեցակարգի վերաբերյալ, ամենայն հավանականությամբ, կլինի 2015-ի փետրվար-մարտ ամսին:

 

Ընդդիմության հնչեցրած տեսակետների համաձայն՝ դա հետևանքն է եռյակի հանրահավաքների:

 

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ եռյակը գերագնահատում է իր ուժերը, երբ ասում է, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի ստորագրումը Նախագահ Սերժ Սարգսյանը հետաձգեց հանրահավաքների ճնշման արդյունքում:

 

«Կարծում եմ՝ փոքր-ինչ գերագնահատել են այն անձինք, ովքեր համարում են, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագահի դիրքորոշումը կախված է հանրահավաքներից: Դա կախված է լինելու քաղաքական կոնսուլտացիներից, որոնք իրականացվում են ոչ թե հանրահավաքներում, այլ կլոր սեղանների շուրջ»,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը։