Անցնող օրն ամփոփ՝  ըստ  «Mediamall.am»  լրատվականի.


Դսեղում ձորն ընկած մեքենայի 47-ամյա վարորդը տեղում մահացել է

 

ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 14-ին' ժամը 03.29-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Դսեղ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել ձորը. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Տեղում պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 38 ՕԼ 468պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը: Վարորդ Ա. Ղ.-ն (ծնված 1967թ.) տեղում մահացել է:

 

Հրշեջ-փրկարարները հոսանազրկել են ավտոմեքենան, դուրս են բերել վարորդի դին և հանձնել դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներին:

 

***

 

Նոր մանրամասներ' Առինջում կատարված սպանությունից

 

Հոկտեմբերի 13-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչել:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ անձինք Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 2-րդ փողոցի սկզբնամասում հրազենից կրակոցներ են արձակել 1959 թ. ծնված Լևոն Ավետիսյանի վարած «ԲՄՎ 530» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով Ավետիսյանը գլխի մասում ստացած հրազենային վնասվածքից հիվանդանոցում մահացել է, իսկ նրա կինը' 1963 թ. ծնված Նունե Ա.-ն, «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

 

Դեպքի վայրում հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի 1 գնդակ և 5,45 մմ տրամաչափի 11 դատարկ պարկուճ:

 

Հայտնաբերված գնդակը և պարկուճներն ուղարկվել են ոստիկանություն՝ փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:

 

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: 

 

Լուսանկարը՝ Shamshyan.com

 

 

***

 

 

Մշակութային հոկտեմբեր՝ «Տաշիրի» հովանու ներքո

 

 

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի համար հոկտեմբերն առավելապես հարուստ է լինելու մշակութային միջոցառումներով: Մասնավորաբար, Կարապետյանների ընտանիքի հովանավորությամբ արդեն լույս է տեսել «Երկիր դրախտավայր. օտարերկրացիները Հայաստանի ու հայերի մասին» հանրագիտարանային ժողովածուն, որն ամփոփում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը 300-ից ավելի հանրահայտ գրողների, պատմիչների, արվեստագետների, դիվանագետների, ճանապարհորդների, ռազմական, պետական ու քաղաքական գործիչների վկայությունները, բնութագրումները, հոդվածներն ու գեղարվեստական ստեղծագործությունները Հայաստանի ու հայ ժողովրդի մասին: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա առաջիկա շաբաթ օրը: Շնորհանդեսի տեղի ու ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

 

Իսկ ահա մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 24-ին, Ստեփանավան քաղաքում կմեկնարկի միջմարզային երիտասարդական փառատոնը, որն անցկացնում են «Տաշիր» բարեգործական հիմնադրամն ու վերջինիս հետ մշտապես ակտիվ համագործակցող հազարավոր երիտասարդների համախմբող «Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպությունը:

 

Ավանդական դարձած այս փառատոնն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը. եթե նախորդ տարիներին փառատոնն անցկացվում էր Լոռու մարզի շրջանակներում, ապա այս տարի մասնակցելու են Հայաստանի բոլոր մարզերի ու Արցախի բազմաթիվ երիտասարդներ, ովքեր ներկայացնելու են իրենց տաղանդը ձեռագործ աշխատանքների, երգի, պարի, ասմունքի և այլ անվանակարգերում:

 

Ինչ վերաբերում է տեղի ընտրությանը, ապա հայտնի է, որ Ստեփանավանը ճանաչվել է 2015թ. երիտասարդական մայրաքաղաք, և Կարապետյանների ընտանիքը որոշել է կարևոր այդ իրադարձության մեկնարկը տալ արդեն այս տարի՝ անցկացնելով երիտասարդական այս փառատոնը:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

 

***

 

Անկանոն կրակահերթ՝ հակառակորդի կողմից. վիրավորվել է զինծառայող

 

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված անկանոն կրակահերթի արդյունքում, ծնկի շրջանում վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Անդրանիկի Թադևոսյանը:

 

Հուլիս-օգոստոսյան աննախադեպ լարվածության անկումից հետո, որը հնարավոր եղավ ապահովել ՊԲ-ի վճռական գործողությունների շնորհիվ, սա առաջնային գծում հակառակորդի կողմից սադրված հերթական միջադեպն է, որից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմը նորից որդեգրել է իրավիճակի միտումնավոր ապակայունացմանն ուղղված անհեռատես ճանապարհը: Վերջին օրերին հակառակորդը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը քառապատկել է:

 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված գործողություններից և քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Առաջնագծում իրադրության հետագա սրման դեպքում պաշտպանության բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները հակառակորդին լռեցնելու համար:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

***

 

Էբոլա վիրուսի զոհերի թիվը գերազանցել Է 4,4 հազարը. ԱՀԿ

 

Արեւմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել Է 4447-ի, վարակված Է մոտավորապես 8,9 հազար մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

 

Շաբաթվա վերջին վարակվածների թիվը կարող Է գերազանցել 9 հազարը, նշում են կազմակերպության ներկայացուցիչները:

Մահվան եւ վարակման դեպքերի ճնշող մեծամասնությունը բաժին Է ընկնում երեք երկրի՝ Գվինեային, Սիեռա Լեոնեին եւ Լիբերիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

***

 

Գլխավոր ողբերգությունը ուկրաինացի և ռուս ժողովուրդների օտարացումն Է. Պուտին

 

Ուկրաինայում տեղի ունեցող գլխավոր ողբերգությունը ուկրաինացի եւ ռուս ժողովուրդների օտարացումն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 14-ին հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

«Ամենագլխավոր ողբերգությունը, որ ծավալվում Է մեր աչքի առաջ, ուկրաինացի եւ ռուս ժողովուրդների օտարացումն Է: Դա ամենամեծ ողբերգությունն Է: Եվ, իհարկե, այսօր, առկա բոլոր հիմնախնդիրներով հանդերձ, հարկավոր Է գտնել այս վիճակը հաղթահարող ուղին»,-ասել Է նախագահը Մարդու իրավունքների խորհրդի նիստում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

***

 

Բակո Սահակյանը հանդիպել է Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հետ

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հետ՝ կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

 

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Արցախի զարգացման և արտերկրում ազգային ինքնության պահպանման գործում:

 

***

 

ՀՀ-ն նորմալ է վերաբերում ռազմական համագործակցության ոլորտում ՌԴ-Ադրբեջան քննարկումներին

 

Հայաստանը նորմալ է վերաբերում այն երեւույթին, որ ՌԴ-ն Ադրբեջանի հետ քննակում է Կասպից ծովի ավազանի պետությունների հետ ՀԱՊԿ համագործակցության հեռանկարներ: Այս կարծիքը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը' Հայաստանում ֆրանսիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

 

Նրա խոսքով' նշված համագործակցությունը կբերի նրան, որ անվտանգության խնդիրներն այդ տարածաշրջանում կդրվեն ավելի բարձր մակարդակի վրա: «Կասպից ծովի ավազանը բարդ տարածաշրջան է: Մենք նորմալ ենք նայում այդ համագործակցությանը եւ կարծում, որ անվտանգության խնդիրներն այդ տարածաշրջանում ավելի բարձր հիմքրեի վրա կդրվեն: Առանց համագործակցության այդ տարածաշրջանը չի կարողանա գոյատեւել»,- ասաց Օհանյանը:

 

Անդրադառնալով հայ-ռուսական ռազմական համագործակցությանը, պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասաց, որ դրանք գտնվում են բարձր մակարդակի վրա, եւ որպես ռազմավարական գործընկերներ' Հայաստանն ու Ռուսաստանն ամենամյա ծրագրերի պլան են մշակում:

 

***

 

Ադրբեջանցի դիվերսանտները պետք է պատասխան տան ԼՂՀ օրենքի առաջ. նախարար Օհանյան

 

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պատասխանն Ադրբեջանի փորձերին' միջազգային կառույցների միջոցով հետ վերադարձնել ԼՂՀ սահմանը հատած երկու դիվերասանտներին, նույնն է:

 

Ինչպես ամիսներ առաջ, երբ Ադրբեջանը նամակով դիմել էր միջազգային կառույցներին, այնպես էլ այսօր, երբ հարց է բարձրացնում ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում, Հայաստանի պատասխանում եւ դիրքորոշման մեջ փոփոխություն չկա. Լեռնային Ղարաբաղի հանրապետության սահմանը հատած երկու ադրբեջանցի դիվերսանտների հարցը պետք է լուծվի ԼՂՀ օրենսդրությամբ' միջազգային օրենքներին համապատասխան:

 

«Նրանք հանցագործ են, իսկ հանցագործությունները պատժվում են տվյալ երկրի օրենսդրության համաձայն»,- «Արմենպրես»-ի այն դիտարկմանն ի պատասխան, թե Ադրբեջանը ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ում պատրաստվում է բարձրացնել ադրբեջանցի դիվերսանտներին հետ վերադարձնելու հարցը, նշեց Սեյրան Օհանյանը:

 

Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունն' ադրբեջանական դիվերսիոն- հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում' դիվերսիոն խմբի երկու անդամ ձերբակալվել են, մեկը' վնասազերծվել: