1997 թվականին Ճամբարակում ծնվեց Սուրեն Ադամյանը, նա ընտանիքի փոքրն էր: 1992 թվականին, երբ Սուրենի ծնողները կորցրեցին իրենց տունը, իր ծնունդով նրանց նորից ուժ և հույս տվեց Սուրենը:
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված զիվորական Սուրեն Ադամյանի քույրը՝ Անի Ադամյանը. «Նա մեր ընտանիքի ուրախությունն ու պարծանքն էր: Սուրենը շատ երազկոտ էր, համեստ ու քչախոս: Սիրում էր այն ամենը ինչը կապված էր արվեստի հետ»,- նշեց Անին:
Սուրենը 2015 թվականին ընդունվել էր Մանկավարժական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի հասարակագիտության բաժնում: 6 ամիս սովորելուց հետո, սակայն, այն կիսատ թողեց, քանի որ պետք է մեկներ ծառայության. «Եղբարս շատ թեթև, ուրախ ավարտեց ծառայությունը, եկավ, ուսումը փոխեց հեռակա և ուսմանը զուգահեռ սկսեց աշխատել Ճամբարակի զինկոմիսարիատում՝ համակարգչային աշխատանքներով»,- պատմեց Սուրենի քույրը:
Պատերազմական օրերին Սուրենը ևս գնաց առաջնագիծ՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու, նա դիրքեր բարձրանալիս զանգահարեց հայրիկին և ասաց. «Երբ հայրիկս անհանգստացած խոսեց եղբորս հետ, Սուրենը ասաց՝ պա՛պ, հանգիստ էղի, ամեն ինչ լավ ա լինելու, և հետո քեզ դուր կգար, որ ասեին Ադամյան Ռոլանդի տղեն վախեցավ ու չգնաց հայրենիքը պաշտպանելու: Եղբորս այդ խոսքերից հայրիկս հանգստացավ և անփորձանք ծառայություն մաղթեց նրան»,- վերհիշեց հերոսի քույրը:
Դիրքեր բարձրանալիս, ինչպես նշում է Անին, եղբայրը շատ բարձր տրամադրությամբ էր խոսում: Նա տանեցիներին ստել էր, թե բարձրանում են Վարդենիսի դիրքեր, բայց իրականում գնում էր Շուշի:
Նախքան եղբոր չարաբաստիկ լուրը ստանալը, մեր զրուցակիցը ունեցել է վատ կանխազգացում. «Ես ամեն օր աղոթում էի եղբորս համար, բայց նոյեմբերի 7-ի գիշերը չեմ կարողանում աղոթել: Այդ օրը ունենում եմ դող, ներքին անհանգստություն, և գիշերը քնիցս վեր եմ թռչում՝ բացականչելով եղբորս անունը: Ժամացույցս կանգ առած է լինում ժամը 3-ի վրա, այդ ժամանակ ուշադրություն չեմ դարձնում դրա վրա: Սակայն նոյեմբերի 8-ին՝ ժամը 3-ին, ես ստանում եմ լուր՝ եղբորս զոհվելու մասին»,- մեծ ցավով նշում է Անին:
Վերջինս նշում է, որ շատ ցավալի է տանում եղբոր կորուստը, քանի որ եղբայրը իրենց տան ուրախությունն էր և հպարտությունը, և բացի դա, նա միակ մարդն էր, որի հետ կիսվում էր Անին. «Սուրենը միշտ, որ զանգահարում էր ինձ բարևի փոխարեն ասում էր՝ հարազատ հոգի եղբայր ու քույր»,- վերհիշում է Սուրենի քույրը:
Ազատ ժամանակ հերոսը շատ էր սիրում ստեղծագործել: Ներկայացնենք նրա մտքերից մեկը. «Ուզում եմ վազել անդադար՝ սարերով, ձորերով։ Ուզում եմ շունչս կտրվի ու ընկնեմ, նայեմ երկնքին՝ հասկանամ, որ ապրում եմ…»
Ռազմի դաշտից Սուրենը հաճախ էր նամակագրություն ունենում քույրիկի հետ, սակայն այդ նամակագրություններից Անիի մտքում առավել տպավորվել է հետևյալը. « Ինձ գրեց՝ անընդհատ ուզում եմ ասել, որ սիրում եմ ձեզ, պաշտում եմ շատ: Մենք դեռ տեսնվելու ենք, ես բոլորիդ համար եմ պայքարում»: