Ակցիայի մասնակիցների վրա ուժ կիրառող չինական տարբերանշանով, անհասկանալի համազգեստով մարդիկ ոստիկանության հետ որևէ կապ չունեն: Այս մասին Հանրապետության հրապարակում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն, ով այցելել էր հացադուլ անողներին:
«Դա կրիմինալի, օլիգարխների թիկնազորերն են ու կրիմինալի ներկայացուցիչները»,- ասաց Վանեցյանը:
Ասվածի վերաբերյալ լրագրողի՝ փաստեր տրամադրելու մասին դիտարկմանը` Արթուր Վանեցյանն ասաց, թե փաստեր ներկայացնելու բան չկա, քանի որ իրավապահ համակարգում աշխատողները գիտեն, որ միտինգ ցրելու գործողությունները կանոնակարգված են, ձև կա ոնց են անում, երեք հոգի առաջ են գնում, չորս հոգի հետևից գալիս է, մեկը ոտքից է բռնում, մյուսը ձեռքից, իսկ այդ մարդիկ գործում են ոչ պրոֆեսիոնալ: «Տեսեք՝ շատերի դիմակի տակ մորուք կա, կգտնե՞ք մի ոստիկան, որ թրաշով է, գտեք մի սպա, ենթասպա կամ սերժանտ, որը մորուք ունի, չկա տենց բան»,- ասաց Վանեցյանը՝ ուշադրություն հրավիրելով այն տեսանյութերի վրա, որտեղ երևում են, թե կառավարական ամառանոցներ են մտնում հրոսակախմբեր, հարյուրներով գնում, գալիս են կառավարական դաչաներ:
Արթուր Վանեցյանն անդրադարձավ նաև այն տեսանյութերին, որտեղ զինվորները դիրքերից տեսանյութեր են հրապարակում՝ ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի. «Սիրուն մորուքը գծած, թափ թազա համազգեստով գալիս, ասում են դիրքերից նոր ենք իջել, տուն չենք գնացել, եկել ենք մեր Նիկոլին պաշտպանենք, ա՛յ լակոտ, դու դիրքերի տեղը գիտե՞ս, իսկական դիրքերում եղածներն անգամ չեն ասում, որ իրենք դիրքերում են եղել»,- ասաց Վանեցյանը: