Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 37-ամյա Աշոտ Խաչատրյանը Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 371.5-րդ կմ հատվածում, ըստ նախնական տեղեկությունների, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Խաչատրյանն ու նրա ուղևոր, Մեղրի քաղաքի բնակիչ, 23-ամյա Նորիկ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: