Այսօր, սեպտեմբերի 13-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Nissan Teana մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աղձք-Տեղեր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ կանաչ գոտու տարածքում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և տարածվել։ Վարորդը բժշկական հետազոտման նպատակով դիմել է «Էջմիածին» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել կրակը։ Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց դիմած վարորդի ինքնությունը։