Հեղափոխությունից հետո Հայաստանի մի շարք քաղաքներ նոր ղեկավարներ ունեցան. հեղափոխական թիմի ներկայացուցիչներն' Արմավիրում, Հրազդանում, Էջմիածնում շուրջ մեկ տարի առաջ ստանալով ժողովրդի քվեն՝ ընտրվեցին քաղաքապետեր: Վերջիններից սպասումներն, անշուշտ, մեծ էին, սակայն, այն ինչ եղավ հետո՝ անչափ հուզիչ էր: Մի քանի օրից լրանում է հեղափոխական քաղաքապետերի պաշտոնավարման մեկ տարին, սակայն վերոնշյալ քաղաքներում հեղափոխական փոփոխությունները դեռ սարերի հետևում են:
Օրինակ՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Վերջինս բավական հաճախ է հայտնվել, այսպես ասենք, պիկանտ պատմությունների կիզակետում: Այդ պատմություններից որոնք էին իրականությանը համապատասխանում, որոնք՝ ոչ' դժվար է ասել, սակայն քաղաքապետի անունը մամուլը բավական հաճախ է շոշափել: Մասնավորապես, օրաթերթերից մեկում նշվում էր, որ այցելելով համայնքային ենթակայության մանկապարտեզներից մեկը՝ Գասպարյանը ծնողների և երեխաների ներկայությամբ ցուցադրաբար սկսել է ծխել՝ առաջացնելով ներկաների զայրույթը: Քաղաքապետը այս դրվագը, իհարկե, հերքել էր:
Գասպարյանը խոստանում էր քաղաքը մաքրել հանցավոր կլաններից, բարելավել էջմիածինցիների սոցիալական վիճակը, իսկ մի քանի ամիս անց հայտարարում էր, որ բնակիչները սովոր են բոլոր թերացումներն ու բացերը բարդել քաղաքապետարանի վրա. թերևս, բնակիչներն, ամեն դեպքում, թերացումներ գտել են և բնական է, որ պետք է բարդեն դա քաղաքի ղեկավար մարմնի կողմից՝ իր աշխատանքները թերի կատարելու վրա: Որքանո՞վ է քաղաքապետին հաջողվել քաղաքը մաքրել կրիմինալ տարրերից' կարելի է դատել կրիմինալ ռազբորկաների այն հաճախականությունից, որոնք գրանցվում են վերջին շրջանում հոգևոր մայրաքաղաքում: Չկա թերևս օր, որ մամուլում չհայտնվի հերթական փոխհրաձգության մասին տեղեկությունը, որի կիզակետում հենց այդ նույն քրեածին տարրերն են, որոնցից, իր խոստման համաձայն, քաղաքը պետք է մաքրեր ՔՊ-ական քաղաքապետը: Ինչպես տեսնում ենք՝ դա չի հաջողվել, ընդ որում, կրիմինալի նման ամենաթողություն Էջմիածնում երրբեք չի եղել:
Գրիգորյանը խոստանում էր նաև ներդրումներ ներգրավել Էջմիածին: Շուրջ երկու տարվա ընթացքում Դիաննա Գասպարյանը համայնքի ավագանու նիստեր է արել, մեկ անգամ հանդիպել է ԵՄ արդեն նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ, ընդ որում, ինչպես երևում է, անարդյունք, քաղաքի տոնին լավագույն մաղթանք գրողներին խորհրդանշական նվերներ է հանձնել, գրական հանդիպումներ է անցկացրել, և, թերևս, ամենաուրախալի և առարկայական լուրն Էջմիածինցիների համար՝ համայնքը ճանաչվել է 2018-ի մաքուր համայնք: Հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր են ներդրումները: Հեղափոխությունից հետո մինչ օրս հայտնի չէ քիչ թե շատ լուրջ որևէ ներդրումային ծրագրի մասին, որը իրականացված կլինի Էջմիածնում, իսկ սա նշանակում է, որ քաղաքապետի երկու կարևորագույն խոստումները՝ ներդրումային բումը և կրիմինալի դեմ պայքարը, գրվել են սառույցին: