2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմը, նախնական հաշվարկների համաձայն, Հայաստանի տնտեսությանը հասցրել է միլիարդների վնաս։
Կառավարությունը դեռևս հստակ հաշվարկ չի ներկայացրել, թե այս պատերազմի հետևանքով Հայաստանի տնտեսությունը որքան վնաս է կրել, բայց վնասն ու տնտեսության փլուզումը ակնհայտ են և դրանց մասին խոսում են պաշտոնական թվերը։
2021-ի հունվար-փետրվարին 2020-ի նույն ժամանակաշրջանի համեմատ տնտեսական անկումը կազմել է -6.7%։ 2020-ին 2019-ի համեմատ այն կազմել էր -7.8%։
Այս թվերից ենթադրվում է, որ պետական ողջ ապարատում պետք է տոտալ փոփոխության ենթարկվեն առաջնահերթությունները, խիստ վերանայումների ենթարկվեն գնումները, ավելացվեն տնտեսումներն ու ամեն մի խնայված լումա ետ ուղարկվի պետական բյուջե, որովհետև պատերազմի ավարտից հետո կառավարությունը արտաքին պարտքն ավելացնելով է կարողանում այդ նույն պետական համակարգի աշխատողներին վճարել աշխատավարձ ու պարգևավճար։
Ուսումնասիրելով սակայն պետական գնումների պլանը, արձանագրում ենք, որ տնտեսումներ այդ պլաններում կատարված չեն։
ԼՈՒՐԵՐ.com-ը ներկայացնում է ՀՀ ոստիկանության 2021 թվականի գնումներից որոշներն ու դրանց համար ծախսված միլիոների չափը՝ առաջնահերթ են դրանք կոլապսի եզրին հասած պետության համար, թե ո՞չ՝ թողնելով ընթերցողի դատին։
Ոստիկանությունը 2021 թվականի համար գնել է 4 միլիոն 250 հազար դրամի զրահաբաճկոն, 26 միլիոն դրամի դարակ, 1 միլիոն դրամի ծաղկային կոմպոզիցիա, 6.5 միլիոն դրամ կանաչապատման ծառայություն, 14 միլիոն դրամի հուշանվեր, 12 միլիոնդրամի՝ մեդալ և կրծքանշան, 4.5 միլիոնի փողկապ։