ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների գծմանն առնչվող խնդիրների քննարկման հարցում: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Լավրովն այս մասին ասել է տաջիկ գործընկերոջ' Սիրոջիդդին Մուխրիդդինի հետ կայացած ասուլիսում:
Ռուս նախարարն ընդգծել է. «Մենք, մեր հերթին, մանրամասն տեղեկացրել ենք մեր ընկերներին այն ջանքերի մասին, որոնք ձեռնարկում է Ռուսաստանի Դաշնությունը միջադեպի կարգավորման համար, որն առաջացել է պետական սահմանի միջազգային իրավական ձևակերպման բացակայության պատճառով»:
«Կողմերի (Հայաստանի և Ադրբեջանի) միջև նախնական պայմանավորվածության համաձայն' Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է օգնություն տրամադրել սահմանազատման, սահմանագծման գործընթաց սկսելու և անցկացնելու հարցում' հանդես գալով այդ նպատակով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որում Ռուսաստանը կարող է մասնակցել խորհրդականի կարգավիճակով, եթե կուզեք' միջնորդի»,- ասել է ռուս դիվանագետը:
Հիշեցնենք, որ լույս մայիսի 12-ի գիշերն Ադրբեջանի Զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ Սյունիքի մարզի Սև լճի հատվածում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր, նմանատիպ ներթափանցումներ եղել են նաև Գեղարքունիքի մարզի որոշ ուղղություններում: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ մի քանի այլ փորձեր էլ կանխվել են: Մինչ այս պահն ադրբեջանական կողմի հետ, այդ թվում' ռուսական կողմի մասնակցությամբ ընթացած բանակցություններն արդյունք չեն տվել. ՀՀ տարածք մտած ադրբեջանական ուժերի հիմնական մասը դեռևս չի կատարում ՀՀ տարածքից անհապաղ դուրս գալու՝ Հայաստանի կողմից հնչեցված պաշտոնական պահանջը:
Պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ, փոփոխություն չի կրել:
«Ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով»,- շեշտված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: