Այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 11։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ-ին բախվել են IVECO և MAN մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։ Հետաքննիչները դեպքի վայրի զննություն կատարելուց հետո, երբ պետք է արդեն մեկնեին հիվանդանոց՝ վիրավորների ինքնությունը ճշտելու, IVECO-ում հրդեհ է բռնկվել, որից հետո տեղեկությունը փոխանցվել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանել են փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։
Հրշեջ-փրկարարները մարել են IVECO-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ IVECO-ն բարձված է եղել պաղպաղակով։ Հրշեջ-փրկարարները կատարել են նաև ճանապարի լվացման աշխատանքներ։