Մենք սրտի ցավով ենք սպասում գերիների վերադարձին։ Այս մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Չինաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունը՝ պատասխանելով Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին հարցին։
«Մենք հետեւում ենք տեղեկատվությանը։ Մենք կարող ենք անել մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի խնդիրը լուծվի։ Սակայն այդ խնդիրը ծագել է երկու երկրների միջեւ, եւ մենք սրտի ցավով ենք սպասում գերիների վերադարձին։ Մեր գործունեության նպատակներից մեկը այդ տեսակ գործողությունների կանխումն է։ Մենք հույս ունենք, որ գերեվարման դեպքեր այլեւս չեն լինի»,- նշել է դեսպանը։
Անդրադառնալով ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի տարածք ներխուժման հարցին՝ դեսպանն ընդգծել է. «Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն արդեն հանդես է եկել հայտարարությամբ այդ հարցի հետ կապված։ Մենք փորձում ենք երկու երկրների միջեւ հաստատել խաղաղ հարաբերություններ բանակցությունների միջոցով»։