Թուրքիայի Մերսին քաղաքում գտնվող «Աքքույու» ատոմակայանում էլեկտրական տրանսֆորմատորի պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Պայթյունը խուճապ է առաջացրել ատոմակայանի աշխատակիցների և շրջակայքի բնակիչների շրջանում։
Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ Ալի Մահիր Բաշարըրը դեպքի առնչությամբ հիշեցրել է, որ «Աքքույու» ատոմակայանի կառուցման ընթացքում մի շարք խնդիրներ են եղել․
«Դեռևս կառուցման փուլում գետնին բազմիցս ճաքեր են առաջացել։ Ճանապարհային աշխատանքների համար պայթեցված դինամիտների պատճառով մեծ վնաս է հասցվել շրջակա տներին։ Հիմա էլ տրանսֆորմատորում է հրդեհ առաջանում։ Ինչպես նախկինում ասել եմ, այս ատոմակայանի կառուցմամբ դինամիտ են տեղադրում Մերսինում՝ Միջերկրական ծովի հատակին»,-նշել է Բաշարըրը։
Ընդդիմադիր գործիչն ընդգծել է, որ արդեն իսկ առաջացող խնդիրները վկայում են առաջիկայում կառուցվելիք անվերահսկելի կայանի մասին և նշել է, որ այդ ատոմակայանը Մերսինի և Թուրքիայի «գլխին պատիժ է» դառնալու։