Ինչպես գիտենք՝ շատերի համար անսպասելի կերպով Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո համագործակցության հուշագիր էր կնքվել «Բալասանյան» դաշինքի և ՔՊ-ի միջև: Հուշագրի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ երկու փոխքաղաքապետերը կլինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Փոխքաղաքապետի թեկնածուների անունները կհայտարարվեն նոյեմբերի 1-ին՝ նորընտիր ավագանու առաջին նիստին:
Ինչպես հայտնի է' ՔՊ-ի ավագանու ցուցակի երկրորդ համարը պատգամավոր Նազելի Բաղդասարյանի եղբայրն է զբաղեցնում, և Արման Բաղդասարյանի մարզպետ նշանակված քույրը, ըստ մամուլի, հակված է, որպեսզի եղբայրը զբաղեցնի փոխքաղաքապետի աթոռը: Թեև նշենք, որ ինքը' Բաղդասարյանն, այդ իր «հակվածությունը» ոչ հաստատել է, ոչ էլ հերքել:
Քաղաքապետի տեղակալի պաշտոնին հավակնում է նաև ՔՊ-ի ցուցակի երրորդ համարը՝ Գյումրու «Ինֆեկցիոն» հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը։ Այս հարցում էլ շահագրգիռ է արդեն նախկին մարզպետ Հարությունյանը։ Կան նաև տեղեկություններ այն մասին, որ եթե Աստղիկ Բեյբությանը փոխքաղաքապետի պաշտոնին չնշանակվի, ապա նրան առողջապահական հաստատության ղեկավար կնշանակեն, քանի որ «Ինֆեկցիոն» հիվանդանոցը լուծարվել և միացել է «Գյումրու» ԲԿ-ին, և տնօրենի պաշտոնից Բեյբությանը վերածվել է համակարգողի։
Ի դեպ, չի բացառվում, որ այս երկու թեկնածուներից և ոչ մեկն էլ արդյունքում չարժանանա բաղձալի պաշտոնին, քանի որ հավակնորդների թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քան կարող է թվալ առաջին հայացքից: Այդ շարքում մամուլը արդեն իսկ նշել էր Սուրեն Պապիկյանի ազգականին, սակայն, նաև փատել, որ Պապիկյանը առանձնապես գոհ չէ այդ սցենարից, քանի որ չի ցանկանում հավելյալ լարվածություն առաջացնել և իշխանության ներկայացուցիչներին կապել նախկիններին բնորոշ ԽԾԲ-ն առաջ տանելու հետ: Չի բացառվում, որ իր յուրային թեկնածուին առաջ քաշելու ցանկություն ունենա նաև Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը, ով ակնհայտ կերպով չի կտրվում մարզում տեղի ունեցող անցուդարձից' չնայած և վաղուց տեղափոխվել է ԱԻՆ:
ՔՊ-ականների միջև այս պաշտոնակռվի արդյունքում տուժում է Գյումրին և գյումրեցին, այն գյումրեցին, որին սիրո խոստովանություններ էին շռայլում գործող իշխանության ներկայացուցիչները, սակայն, ինչպես տեսնում ենք, աթոռակռիվն այս պահին քաղաքի շահերից վեր է: