Այսօր Ազգային ժողովում մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը ներկայացնելու ժամանակ ԱԺ փոխնախագահ, հանրապետական Էդուարդ Շարմազանովն իր ակնարկով շփոթության մեջ գցեց ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանին:
Վերջինս խորհրդարանին ներկայացնում էր իր տարեկան զեկույցը: Հայաստանում մարդու իրավունքների վիճակի հետ կապված հարց ուղղվեց նրան, պաշտպանը պատասխանեց, թե իրենք արդեն սկսել են ուշադրություն դարձնել այդ խնդիրների վրա: Նիստը վարող Է. Շարմազանովը տեղից ակնարկեց, թե «բա մարդիկ ուզում էին Երևանից սկսել, փաստորեն նորից ուշացան»: Կ. Անդրեասյանը մի պահ շփոթվեց, չհասկացավ Է. Շարմազանովի ակնարկը և հարցրեց, թե ում է այն ուղղված: «Ում ուղղված էր, կհասկանա»,- պատասխանեց Է. Շարմազանովը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կարգախոսներն են «Սկսենք Երևանից» ու «Փոխելու ենք»: Եվ Է. Շարմազանովը հավանաբար այս կարգախոսները նկատի ունենալով՝ ակնարկն ուղղել էր ԲՀԿ-ին: Այդ պահին դահլիճում մի շարք ԲՀԿ-ական պատգամավորներ էին նստած: ՄԻ պաշտպանը, սակայն, չհասկացավ, թե ինչի մասին է խոսքը։
Նշենք նաև, որ այդ ընտրություններում ՀՀԿ-ի կամ Տարոն Մարգարյանի շտաբի պետը Է. Շարմազանովն է: Իսկ վերջին շրջանում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հարաբերությունները գնալով սրվում են, հատկապես որ նախընտրական շրջան է: Այդ լարվածությունը զգալի է ցանկացած հարաբերություններում ու երկուստեք հնչող արտահայտություններում: