Բուրկինա Ֆասոյի նոր ռազմական առաջնորդ Պոլ Անրի Սանդաոգո Դամիբան երկրի բարձրագույն սահմանադրական մարմնի կողմից նախագահ է հռչակվել անցյալ ամսվա հեղաշրջումից հետո, հայտնում է AFP-ն՝ հղում անելով աղբյուրներին:
Նրանց հայտարարության համաձայն՝ Սահմանադրական խորհուրդը որոշել է, որ «ազգային զինված ուժերի փոխգնդապետ, «Հանուն պահպանման եւ վերականգնման հայրենասիրական շարժման» (խունտայի պաշտոնական անվանումը) նախագահ Պոլ Անրի Սանդաոգո Դամիբան Բուրկինա Ֆասոյի նախագահն է»։
Դամիբան նաեւ պետության ղեկավարն է եւ զինված ուժերի գերագույն հրամանատարը։
Այս քայլը հաստատել է խունտայի հունվարի 31-ի հայտարարությունն այն մասին, որ Դամիբան այդ պաշտոնները անցումային շրջանում կզբաղեցնի:
Սահմանադրական խորհուրդը հայտարարել է, որ Դամիբայի երդմնակալությունն իր առջեւ տեղի կունենա, սակայն ժամկետ չի նշել:
Հունվարի 24-ին Դամիբայի գլխավորությամբ սպաները տապալել էին երկրի ընտրված նախագահ Ռոխ Մարկ Քրիստիան Կաբորեին, որի հանդեպ հասարակությունը զայրույթով էր լցված՝ արյունարբու ջիհադիստական շարժման գործունեությունը չհաղթահարելու համար։
Բախվելով Արեւմտյան Աֆրիկայում Բուրկինա Ֆասոյի գործընկերների ճնշմանը, խունտան անցած շաբաթ չեղարկել էր սահմանադրության գործունեության կասեցումը եւ գիշերային պարետային ժամը:
Սակայն ընտրությունների ժամկետի վերաբերյալ առանցքային հարցը մնում է չլուծված։ Հունվարի 24-ին խունտան խոստացել էր «ողջամիտ ժամկետներում» վերականգնել «սահմանադրական կարգը»։