Մենք պաշտոնական հայտարարություն ենք տարածել, որ եթե երկրաշարժի հետևանքով, շենքերին առաջացել են նշանակալից ճաքեր կամ մարդիկ ստացել են վանսվածքներ զանգահարեն մեր նշված հեռախոսահամարով, սակայն մինչ այս պահը դեռ որևէ մեկը չի զանգահարել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Վանաձորի հանրային կապերի, լրատվության և արարողակարգի բաժնի պետ Էդիկ Հովսեփյանը:
Նա նշեց, որ հատկապես վախեցած էին այն բնակիչները, որոնք տեսել էին Սպիտակի ավերիչ երկրաշարժը. «Ովքեր, որ անցել էին 1988 թվականի երկրաշարժի միջով շատ էին վախեցել, խուճապի մեջ էին»,- նշեց նա:
Վերջինս զարմանքով հայտնեց, որ բակ իջնողները հիմնականում մեծերն էին, երիտասարդները մնացել էին բնակարաններում. «Ներքևում էլ երկար չեն մնացել՝ կես ժամից մոտ 1 ժամ»,- ընդգծեց նա:
Հավելենք, որ Վանաձորի համայնքապետարանի ավագանու անդամներից մեկն էլ նշել էր, որ մարդիկ ողջ գիշեր մնացել են դրսում: Իրենց հետ վերցրել էին տաք վերարկուներ և ծածկոցներ:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:
«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ»,- հայտնել է ԱԻՆ-ը։