Թուրքիան հանդես է գալիս Ուկրաինայում երկարաժամկետ հրադադարի օգտին, որն իսկապես կգործի տեղերում: Այս մասին Անթալիայում Ուկրաինայի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է Anadolu-ն։
Չավուշօղլուի խոսքով՝ կարեւոր է նաեւ խաղաղ բնակչության համար մարդասիրական միջանցքների բացումը։ «Եթե տեղում զինվորականները չհետեւեն պայմանավորվածություններին, ապա տարհանված խաղաղ բնակիչները կկանգնեն իրական անվտանգության սպառնալիքի առաջ»,- ասել է թուրք նախարարը։ «Անթալիայում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիան ընդգծեց Ուկրաինայում հումանիտար միջանցքների գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու անթույլատրելիությունը»,- ասել է Չավուշօղլուն՝ Անթալիայում եռակողմ հանդիպումը անվանելով «կարեւոր սկիզբ»։ «Չնայած բոլոր դժվարություններին, Անթալիայում Ուկրաինայի վերաբերյալ քննարկումները կուլտուրական շրջանակներում անցան»,- հավելել է նա։
Չավուշօղլուն հայտնել է, որ Լավրովի եւ Կուլեբայի մասնակցությամբ հանդիպմանը նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպման կազմակերպման թեման է քննարկվել։