Ալավերդիի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արեն Մկրտչյանը ակտիվորեն նախընտրական քարոզարշավի մեջ է ներգրավվել, չնայած նրան, որ ՏԻՄ ընտրությունները համայնքում նշանակված են սեպտեմբեր ամսին:

Ինչպես երևում է` պատգամավորը շտապում է և դա է պատճառը, որ նա չի ցանկացել տեղավորվել օրենքով սահմանված նախընտրական քարոզչության համար հատկացված ժամկետների մեջ` նախընտրելով միանգամից գործի անցնել: Օրենքի պահանջն էլ կսպասի: Սակայն, դա էլ բավական չէր, Մկրտչյանն արդեն խոսքից էլ է գործի անցել: Դիցուք՝ ապրիլին նա այցելել էր Ալավերդու ԲԿ և իր հետ տարել նոր ռեանիմոբիլ: Սա, իհարկե, գովելի է, սակայն ինչու դա չէր արվոմ անցած չորս տարիների ընթացքում և արվեց այն ժամանակ, երբ Ալավերդիում համայնքի ղեկավարի ընտրություններ են սպասվում, արդյո՞ք սա չի կարող դիտվել որպես լեգալ ընտրակաշառք;

 

 
 

Ինչպես երևում է` պատգամավորը, համայնքի ղեկավարի թեկնածուն որոշել է նաև փոքր-ինչ փիառվել գործող համայնքապետ Սասուն Խեչումյանի արած գործերով: Դիցուք` նա նշում է, որ Սանահինի անկապարտեզը հիմնանորոգվել է Հարավկովկասյան երկաթուղու Սանահինի ուղեմասի ֆինանսավորմամբ։ Բակում կառուցվել է գեղեցիկ խաղահրապարակ։ Շատ լավ է, իհարկե, կրկին դա պետք է նշենք, սակայն ինչ կապ ունի դրա հետ ինքը` Մկրտչյանը, ով այդ փաստը փորձում է ներկայացնել ասես դա իր կամ իր քաղաքական թիմի ձեռքբերումն է: Կամ մեկ այլ օրինակ՝ Մկրտչյանը տեղեկացնում է, որ ամբողջովին ապամոնտաժվել է Ալավերդու Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի վթարային շենքն ու տեղում կառուցվում է հիմնովին նոր դպրոց` համահունչ ժամանակի հրամայականին։ Կրկին հասկանալի չէ, թե այդ աշխատանքների հետ ինչ կապ ունի պատգամավորը: Թերևս այդ աշխատանքները իրականություն են դարձել համայնքապետարան-կառավարություն համագործակցության և տրամադրված սուբվենցիաների արդյունքում:

Տարակուսանք է առաջացնում նաև այն հանգամանքը, որ աշխատանքային այցերով Ալավերդի ժամանած բոլոր պաշտոնյաներին դիմավորում և ուղեկցում է ոչ թե գործող և դե յուրե ընտրված համայնքապետ Սասուն Խեչումյանը, այլ պատգամավոր Մկտրչյանը, ում գործառույթներն այս պարագայում այնքան էլ հասկանալի չեն: Ի վերջո, նա որպես պատգամավոր ԱԺ-ում ծավալած օրենսդրական գործունեության դիմա՞ց է հարկատուների գրպանից աշխատավարձ և պարգևավճար ստանում, թե՞ գործող համայնքապետին երկրորդ պլան մղելու՝ համայնքը փաստացի «օկուպացնելու» դիմաց: Արդյո՞ք նման իրավիճակում, երբ դե ֆակտո համայնքապետը արդեն Մկտչյանն է, նա չի կիրառի վարչական լծակներ և այդպիսով չի ազդի ընտրությունների արդյունքների վրա: Ողջամիտ կասկածների տեղիք, ինչ խոսք, առկա է: