Հուլիսի 26-ին, չնայած բժիշկների գործադրած բոլոր ջանքերին, մահացել է հուլիսի 17-ին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետև Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Պալյան Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Պողոսյանը: Նա այրվածքներն ստացել էր հենակետում բռնկված հրդեհը հանգցնելու ժամանակ։
Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել էր վատթարացում և այն գնահատվում էր ծայրահեղ ծանր: