Միլիարդատեր Իլոն Մասկը հաստատել է, որ իր Neuralink ուղեղի չիպերի ստարտափն այս տարի կսկսի իր առաջին փորձարկումները մարդկանց վրա, գրում են միջազգային ԶԼՄ-ները:
Փարիզում կայացած VivaTech միջոցառման ժամանակ իր ելույթում Իլոն Մասկը ասել է, որ Neuralink-ը նախատեսում է չիպը ներդնել տետրապլեգիայով կամ ստորին վերջույթների կաթվածով առաջին հիվանդի վրա։
Անցյալ ամիս Neuralink-ը հայտնեց, որ ստացել է ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության թույլտվությունը մարդկային առաջին կլինիկական փորձարկման համար: Միևնույն ժամանակ, ընկերությանն ԱՄՆ-ում հետաքննություններ են սպասվում կենդանիների վրա կատարված փորձերի վերաբերյալ: Ըստ Reuters-ի՝ գործակալությունը թույլ է տվել Neuralink-ին օգտագործել իր ուղեղի իմպլանտը և վիրաբուժական ռոբոտը, սակայն հրաժարվել է ավելի շատ մանրամասներ տրամադրել:
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով փորձագետներին, եթե Neuralink-ը կարողանա ապացուցել, որ իր սարքն անվտանգ է մարդկանց համար, դեռևս մի քանի տարի կպահանջվի, մինչև ստարտափը կոմերցիոն օգտագործման թույլտվություն ստանա։ Ընկերությունը մրցում է նաև նեյրոտեխնոլոգիական այլ ընկերությունների հետ, որոնք արդեն իրենց սարքերը տեղադրել են մարդկանց մեջ:
2019 թվականից Մասկը առնվազն չորս անգամ խոստացել է, որ Neuralink-ը շուտով կսկսի մարդկանց վրա փորձարկումները։