Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսաուղերձ է հղել Ղրիմի պլատֆորմի առաջնորդների 3-րդ գագաթնաժողովին։ Վերջինս ասել է, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղրիմը, գրում է Ermenihaber-ը։

Էրդողանը, շնորհավորելով Ուկրաինայի դրոշի օրը, նշել է, որ իրենք շարունակում են ջանքերը սևծովյան նախաձեռնությունը վերականգնելու համար և այս գործընթացում պետք է խուսափել ցանկացած քայլ կատարելուց, որն է՛լ ավելի կսրի լարվածությունը։

«Կարծում եմ՝ այս հարթակը, որը ստեղծվել է Ղրիմի գործը խաղաղ միջոցներով առավել արդյունավետ պաշտպանելու նպատակով, կամրապնդի այն ուղերձները, որոնք մենք ցանկանում ենք փոխանցել Ղրիմի հարցում։ Թուրքիան, որը չի ճանաչում Ղրիմի անեքսիան, առաջին իսկ օրվանից վճռականորեն պաշտպանում է, որ այդ քայլն անօրինական է։ Մենք նաև պահպանում ենք մեր դիրքորոշումը՝ հօգուտ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության»,- ասել է նա։

Թուրքիայի առաջնորդը հույս է հայտնել, որ Ղրիմի թաթարների Միլլի Մեջլիսի փոխնախագահ Ներիման Ջելալն ու ընկերները ազատ կարձակվեն՝ ընդգծելով, որ «Ղրիմի բնիկ ժողովուրդներից թաթար թուրք ազգականների անվտանգության և բարեկեցության ապահովումը նույնպես Թուրքիայի առաջնահերթություններից է»։