ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 27-ին լիագումար նիստ կանցկացնի Ուկրաինայի իրադրության շուրջ: Նիստի ընթացքում, որը նշանակված է Նյու Յորքի ժամանակով ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 18:00-ին) կքննարկվի բանաձեւի նախագիծ, որը կոչ է անում երկրներին չճանաչել մարտի 16-ի հանրաքվեի արդյունքների հիման վրա Ռուսաստանի կազմ Ղրիմի մտնելը: Ըստ առկա տեղեկատվության՝ ԳԱ-ի նիստում Կիեւը ներկայացնելու է Ու կրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան:
Իրազեկ աղբյուրների տվյալներով՝ փաստաթղթի համահեղինակ են դարձել քսանից ավելի երկրներ, այդ թվում՝ Ուկրաինան, ԱՄՆ-ը, Կանադան, Լեհաստանը եւ Լիտվան: Բանաձեւի նախագծում ընդգծվում է, որ հանրաքվեն «անվավեր է եւ չի կարող հիմք ծառայել Ղրիմի Ինքնավար Հանրապետության կամ Սեւաստոպոլ քաղաքի կարգավիճակի փոփոխման համար»: Փաստաթուղթը կոչ է անում երկրներին ձեռնպահ մնալ «Ուկրաինայի ազգային միասնության ու տարածքային ամբողջականության խախտմանն» ուղղված գործողություններից, այդ թվում՝ «ուժի կիրառման սպառնալիքների եւ անօրինական այլ գործողությունների ճանապարհով» նրա սահմանները վերաձեւելու փորձերից: Տեքստում մատնանշվում է իրադրությունը «ուղղակի քաղաքական երկխոսության ճանապարհով» կարգավորելու անհրաժեշտությունը:
Մարտի 15-ին Ռուսաստանը վետո էր դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համանման բանաձեւի վրա: Դրանից հետո հայտնի է դարձել, որ Կիեւը իր կողմնակիցների հետ կփորձի համանման փաստաթուղթն անցկացնել Գլխավոր ասամբլեայում, որտեղ որոշում ընդունելու համար բավարար է 193 անդամ երկրների ձայների պարզ մեծամասնությունը: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտարարել է նախագծի համահեղինակ երկրներից մեկի դիվանագետը, Կիեւի նոր իշխանությունների կողմնակիցները կանխապահովել են Գլխավոր ասամբլեայի երկրների մեծամասնության աջակցությունը. «Բանաձեւի ընդունմանը ոչինչ չպետք է խանգ արի»: ԳԱ-ի բանաձեւերը, ի տարբերություն ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումների, պարտադիր չեն կատարման համար եւ բացառապես հանձնարարական բնույթ են կրում: