ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տարածվել է բանաձեւի նախագիծ, որով կոչ է արվում չճանաչել մարտի 16-ին կայացած հանրաքվեի հիման վրա Ռուսաստանի կազմ Ղրիմի մտնելը: Փաստաթուղթը պլանավորվում է քվեարկության ներկայացնել մարտի 27-ին, երբ Ուկրաինայի խնդրանքով տեղի կունենա ԳԱ-ի լիագումար նիստը:

 

Բանաձեւի նախագծում նշվում է, որ հանրաքվեն «վավերական չէ եւ չի կարող հիմք ծառայել Ղրիմի Ինքնավար Հանրապետության կամ Սեւաստոպոլի կարգավիճակի փոփոխման համար»:

 

Փաստաթուղթը նաեւ «կոչ է անում բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին եւ մասնագիտացված գործակալություններին՝ չճանաչել այդ հանրաքվեի հիման վրա Ղրիմի Ինքնավար Հանրապետության կամ Սեւաստոպոլ քաղաքի կարգավիճակի որեւիցե փոփոխություն եւ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են դիտարկվել որպես փոփոխված կարգավիճակը ճանաչող»:

 

Փաստաթուղթը նաեւ պնդում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության կարգավորումը «ուղղակի քաղաքական երկխոսության միջոցով», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: