Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանին
Մարտի 11
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Հայաստանում լիցենզավորված հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ։ Մտքեր են փոխանակվել պետություն-մասնավոր հեռուստաընկերություններ հարաբերությունների մոդելների, առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների շուրջ։
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն հանդիպել է Աթենքի ակադեմիայի նորընտիր նախագահ Ստամատիոս Կրիմիզիսի հետ, հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից: Մտքեր են փոխանակվել ազգագրության, հնագիտության, փիլիսոփայության և այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:
Մարտի 12
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրին և դրա շրջանակներում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի։
ԱՄՆ վարչակազմն առաջարկում է 2025 թվականի ֆինանսական տարում Հայաստանին տրամադրել 52 մլն դոլարի օգնություն։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրեց ժամկետը, թե երբ պետք է ռուսական կողմի սահմանապահ զորքը դուրս գա «Զվարթնոց» օդանավակայնից։«Ոչ թե դիմել ենք ռուսական կողմին, այլ պարզապես տեղեկացրել ենք, որ նման որոշում ենք կայացրել։ Ժամկետը նշված է 2024 թվականի օգոստոսի մեկը։ Ընդ որում՝ սա ընկալում ենք որպես աշխատանքային պրոցես, այլ ոչ թե քաղաքական կամ աշխարհաքաղաքական»,- ասաց վարչապետը։
Մարտի 13
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակվել է 20 միլիոն դրամի չափով տուգանք։Իրականացված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ մի շարք դեպքերում խախտվել են սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման ժամկետները, ինչն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ դիմող անձանց (սպառողների) իրավունքների կամ օրինական շահերի խախտման։
Մարտի 14
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին, բացի Հանձնաժողովի անդամներից, ներկա են եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը և անհետ կորած անձանց ծնողների շահերը ներկայացնող Արսեն Ղուկասյանը:
ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ևս մեկ անգամ հերքել է շրջանառվող խոսակցությունները դպրոցներից զոհված շրջանավարտներին նվիրված Փառքի անկյունները հանելու վերաբերյալ։ Այս մասին Ժաննա Անդրեասյանն ասաց մարտի 14-ի ճեպազրույցի ընթացքում։
Ըստ Gallup International-ի ուսումնասիրության' Վրաստանն ու Հայաստանը այն երկրների հնգյակում են, որտեղ ամենաբազմաքանակն են այն քաղաքացիները, որ հայտարարում են իրենց պատրաստակամության մասին' կռվել հանուն իրենց երկրի, եթե պատերազմ լինի։ Հնգյակը գլխավորում է Հայաստանը. տվյալների համաձայն' ՀՀ-ում հարցված քաղաքացիների 96 տոկոսը պատրաստ է կռվել հանուն հայրենիքի պաշտպանության։ Վրաստանում վերոնշյալ թիվը հասնում է 83 տոկոսի։
Մարտի 15
Աշխատանքային այցով Հնդկաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարի ռազմարդյունաբերության գծով տեղակալ Անուրագ Բաջպայի, Հնդկաստանի ՊՆ ընդհանուր քարտուղար (միջազգային համագործակցություն) Վեշվեշ Նեգիի, Հնդկաստանի ԱԳՆ քարտուղար (նախարարի տեղակալ) Պավան Կապուրի և Հնդկաստանի վարչապետին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ռազմական գծով խորհրդական Սանդիպ Սինգհի հետ։Քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:
ՆԳՆ պատվիրակությունը՝ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մարտի 5-ից 7-ը ԱՄԷ Դուբայ քաղաքում մասնակցել է Ոստիկանության համաշխարհային գագաթնաժողովին: Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են եղել կոնֆերանսներ, կլոր սեղաններ, աշխատանքային խմբեր՝ հետևյալ թեմաներով՝ թմրամիջոցների դեմ պայքար, կինոլոգիական ծառայություն, քրեագիտություն (դատաբժշկություն), ճանապարհային անվտանգություն, հանցագործության կանխարգելում, երթևեկության կառավարում և արտակարգ իրավիճակների արձագանքում, ֆինանսական հանցագործությունների և փողերի լվացման դեմ պայքար, կիբերհանցագործությունների մեղմացում, ոստիկանության գլոբալ մրցունակության զարգացում և այլն։
Մարտի 16
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի նորանշանակ տնօրեն Հասմիկ Հակոբյանին։Նախարարի տեղակալը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ հետ արդյունավետ համագործակցությունը նախարարության կողմից իրականացվող ծավալուն բարեփոխումների շրջանակներում և Ծրագրով նախատեսված բոլոր ուղղություններով առավել սերտ համագործակցելու պատրաստակամություն հայտնել։
Հայաստանը Եվրամիության հետ համագործակցության նոր փաստաթուղթ է մշակում, նախատեսվում է մինչև հուլիս այն ստորագրել։Այս մասին Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը